ԱԺ բակում ու Կենդանաբանական այգում Վարդավառ են տոնելու

ԱԺ բակում ու Կենդանաբանական այգում Վարդավառ են  տոնելու

PanARMENIAN.Net - Խորհրդարանի այգում հուլիսի 28-ին՝ Վարդավառի օրը, կցուցադրվեն «Թուֆենկյան գորգ», «Մեգերյան կարպետ» և Հայկական գորգի ազգային կենտրոնի ներկայացրած հայկական ձեռագործ գորգերը, հայտնել է ԱԺ լրատվական ծառայությունը:

Կանցկացվեն գորգագործության վարպետաց դասեր, կլինեն քննարկումներ գորգերի մասին, կխաղան քվեսթ: Միջոցառումը կեզրափակվի «Միքայել Ոսկանյան և ընկերներ» երաժշտական խմբի համերգով:

Երևանի Կենդանաբանական այգում նույնպես սպասվում են միջոցառումներ:

Հուլիսի 28-ին՝ ժամը 10:00-ից, «պղպջակ շոու» կցուցադրվի, մուլտհերոսների մասնակցությամբ ուրախ խաղեր կանցկացվեն, կլինեն հետաքրքիր անակնկալներ, վիճակահանություններ, տոնական նվերներ, ինչպես նաև թեմատիկ ցուցադրական կերակրումներ, շատրվանի գործարկում:

Մինչև 16 տարեկանների մուտքը կլինի անվճար։

Վարդավառը՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը, Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է, ըստ եկեղեցական տոնացույցի նշվում է Զատիկից 14 շաբաթ կամ 98 օր հետո, կիրակի օրը՝ հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում։ Այս տարի այն տոնվելու է հուլիսի 28-ին։

Համաձայն Ավետարանի՝ Հիսուսը Ս. Պետրոս, Ս. Հակոբոս և Ս. Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռն` աղոթելու: Աղոթքի պահին Հիսուսը պայծառակերպվում է՝ ապշահար աշակերտների առջև խոսելով շուրջ հազար տարի առաջ վախճանված Մովսեսի և հրեղեն կառքով երկինք համբարձված Ս. Եղիա մարգարեի հետ: Ըստ Ավետարանի՝ մինչ նա խոսել է, լուսափայլ մի ամպ հովանի է դարձել նրանց, և ամպից եկող ձայնն ազդարարել է. «Դա է իմ սիրելի Որդին, որին հավանեցի, Դրան լսեցեք»: Պայծառակերպության տոնով, ըստ էության, հաստատվել է այն ճշմարտությունը, որ Հիսուսը Աստծո որդին է:

Տոնը հայտնի է նաև «Վարդավառ» անվանումով։ Ժողովրդական սովորույթների համաձայն՝ միմյանց վրա ջուր են ցողում ու աղավնիներ բաց թողնում՝ խորհրդանշելով ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը, Նոյի աղավնուն:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---