3 հոկտեմբերի 2008 - 19:21 AMT
ԱՄՆ Պետդեպարտամենտ. Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը դրական քայլ է
ԱՄՆ Պետդեպարտամենտը դրական է գնահատում Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարների` Նյու-Յորքում կայացած եռակողմ հանդիպումը: Ինչպես ճեպազրույցի ընթացքում հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Շոն ՄըկՔորմակը, տվյալ հանդիպումը կօգնի փնտրել մի շարք խնդիրների լուծումներ, որոնք զգալի բարդություններ են առաջ բերում Կովկասում: Բացի այդ, այդ քայլը կարող է նպաստել տարածաշրջանում կայունության հաստատմանը, ավելացրել է Շոն ՄըկՔորմակը, PanARMENIAN.Net-ին հաղորդել են ԱՄՆ Պետդեպարտամենտի մամլո ծառայությունում:

Սեպտեմբերի 26-ին Նյու-Յորքում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի, Էլմար Մամեդյարովի եւ Ալի Բաբաջանի եռակողմ հանդիպումը: Հանդիպման ընթացքում երեք երկրների արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարները քննարկել են վերջին տարածաշրջանային զարգացումները եւ Կովկասի կայունության եւ անվտանգության պլատֆորմի ստեղծման նախաձեռնությունը: