
Շրջակա միջավայրի նախարարի իրավախորհրդատու, «Թի-Էս-Ի Դեպի Կայուն Էկոհամակարգեր» ՀԿ-ի տնօրեն Կարեն Աղաբաբյանը հուլիսի 28-ին մի խումբ կամավորների հետ այցելել է Հովտաշեն և անցկացրել արագիլների մաքրման հերթական աշխատանքներ, հայտնել է նախարարության լրատվական ծառայությունը:
Նշվում է, որ ակտիվ աշխատանքներ են ընթանում նաև աղտոտման աղբյուրի բացահայտման նպատակով` մոտ օրերս պատրաստ կլինեն լաբորատոր հետազոտությունների արդյունքները:
«Խնդիրը գտնվում է նախարարության անմիջական հսկողության տակ, իսկ արագիլների մաքրման աշխատանքները պարբերական բնույթ կկրեն», - ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի գիտաշխատող Լյուբա Բալյանն ահազանգել էր, որ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Կենդանաբանության ինստիտուտ են բերել արագիլի առանձնյակ, որն ամբողջությամբ պատված է եղել կեղտի ու ճենճի հաստ շերտով, ինչի պատճառով չի կարողանում թռչել:
Արագիլի փետուրների արտաքին զննման արդյունքում պարզվել էր, որ դրանց վրա ոչ թե տեխնիկական յուղանյութ է, այլ պարենային՝ սննամթերքի արտադրության մեջ օգտագործվող բուսական կամ կենդանական ծագում ունեցող յուղ: Բալյանն ասել էր նաև, որ փորձել են մաքրել փետուրների մի քանի նմուշ թռչնի համար ոչ վնասակար նյութով, սակայն միայն տնտեսական օճառի լուծույթով էր հաջողվել փետուրները ազատել այդ շերտից, ինչը լավ նախադրյալ չէ: