ԱԳՆ-ն դատապարտում է. Ամբողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա

ԱԳՆ-ն դատապարտում է. Ամբողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա

PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման վերաբերյալ:

«Խստորեն դատապարտում ենք մարդկային զոհերի հանգեցնող այս սադրանքները, որոնք ուղեկցվում են Ադրբեջանի կողմից հրադադարի պահպանմանը և ամրապնդմանն ուղղված վստահության և անվտանգության միջոցառումների իրականացման մերժմամբ: Այս գործողությունները ստեղծում են լարվածության աճի վտանգ, որի ամբողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա», - ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Ադրբեջանի կողմից հրադադարի միտումնավոր և սադրիչ խախտումները հակասում են հրադադարի պահպանման և ամրապնդման վերաբերյալ ստանձնած պարտավորություններին, որոնք վերջին շրջանում արձանագրվել են նաև երկու երկրի ղեկավարների մակարդակով այս տարվա մարտի 29-ին տեղի ունեցած Վիեննայի գագաթաժողովի ընթացքում:

«Դրանք անտեսում են նաև արտաքին գործերի նախարարների հունիսի 20-ին Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ընդունած հայտարարությունը, որտեղ կողմերին կոչ էր արվում խստորեն պահպանել հրադադարը հարգելու հանձնառությունը և ձեռնպահ մնալ շփման գծում և պետական սահմանում դիպուկահարների օգտագործմամբ սադրիչ գործողություններից», - ասվում է հաղորդագրության մեջ:

Հուլիսի 27-ին և 28-ին Ադրբեջանի զինված ուժերը ՀՀ պետական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում դիպուկահարների ներգրավմամբ իրականացրել են սադրիչ գործողություններ, որոնց հետևանքով սպանվել է ՀՀ Զինված ուժերի զինծառայող Արման Բուլղադարյանը և վիրավորվել է ևս երկու զինծառայող:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---