Georgian Airways-ը $25 մլն է կորցրել դեպի ՌԴ թռիչքների արգելքի պատճառով

Georgian Airways-ը $25 մլն է կորցրել դեպի ՌԴ թռիչքների արգելքի պատճառով

PanARMENIAN.Net - ՌԴ և Վրաստանի միջև ուղիղ ավիահաղորդակցության արգելքի հետևանքով Georgian Airways ընկերությունը $25 մլն է կորցրել: Այդ մասին հայտնել է ավիափոխադրողը:

«Ուղիղ ավիահաղորդակցության կասեցումը Վրաստանի և ՌԴ միջև զգալի հարված է հասցրել Georgian Airways ավիաընկերությանը՝ ծանր ֆինանսական դրություն ստեղծելով վերջինիս համար: Ընկերությունը ստիպված է եղել վերադարձնել արդեն իրացված տոմսերի մոտ 80 տոկոսը: Բացի այդ, կտրուկ նվազել է տոմսերի վաճառքը, որի հետևանքով ավիաընկերության վնասն ընդհանուր առմամբ կազմել է 25 մլն դոլար»,-ասել են Georgian Airways-ում, գրում է «Ռոսիյսկայա գազետան»:

Ավիաընկերությունը նաև հայտարարել է, որ Վրաստանի իշխանությունները, արձագանքելով ավիափոխադրողի խնդրանքին, մասնակիորեն կփոխհատուցեն վնասը:

ՌԴ-ի և Վրաստանի միջև ուղիղ ավիահաղորդակցությունը դադարեցվել է հուլիսի 8-ին՝ հունիսի 20-ին Վրաստանի խորհրդարանում տեղի ունեցած միջադեպից և դրան հաջորդած հակառուսական ակցիաներից հետո:

Բողոքի ակցիաները սկսվել են հունիսի 20-ին երկրի խորհրդարանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ Ռուսաստանի Դաշնության Պեդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը բացել է կազմակերպության նստաշրջանը՝ զբաղեցնելով վրացական խորհրդարանի խոսնակի աթոռը: Այդ ժամանակ նիստերի դահլիճ են ներխուժել վրացական ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները՝ պահանջելով ռուս պատգամավորից վեր կենալ երկրի օրենսդիր մարմնի ղեկավարի աթոռից, լքել դահլիճը:

Հունիսի 21-ի գիշերը Թբիլիսիի ոստիկանությունը ցրել է Վրաստանի խորհդարանի շենքի մոտ անցկացվող հակառուսական բազմահազարանոց հանրահավաքը, որի մասնակիցների դեմ կիրառվել են ջրցան մեքենաներ, ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---