6 հոկտեմբերի 2008 - 13:47 AMT
Ալեքսանդր Սոտնիչենկո. Չկա ոչ մի գերտերություն, որը շահագրգռված լիներ Ղարաբաղի անկախության ճանաչման հարցում
ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն հուսով են, որ ղարաբաղյան հակամարտությունը կհանգուցալուծվի եւ հայ-թուրքական հարաբերություններ կհաստատվեն, սակայն, գտնում են, որ կարգավորումը պետք է ընթանա իրենց միջնորդությամբ: Այս մասին PanARMENIAN.Net-ին է հայտարարել Սանքտ Պետերբուրգի Պետական համալսարանի միջազգային հարաբերություների բաժնի դոցենտ, Սանքտ Պետերբուրգի ժամանակակից Մերձավոր Արեւելքի հետազոտական կենտրոնի գլխավոր խմբագրի տեղակալ Ալեքսանդր Սոտնիչենկոն: Նրա կարծիքով, Արեւմուտքի երկրներին ու կազմակերպություններին, ինչպիսիք են ՆԱՏՕ-ն, ԵՄ-ն, ԵԱՀԿ-ն շահավետ կլիներ սեփական ակտիվ մասնակցությունը Կովկասում տարբեր հակամարտող կողմերի միջեւ հարաբերությունների հաստատմանը, իրենց ազդեցությունը տարածաշրջանում տարածելու նպատակով:

Միեւնույն ժամանակ ռուս փորձագետը նշել է, թե քանի որ բացակայում է համընդհանուր ճանաչում ստացած միջազգային իրավունքի հիման վրա համաշխարհային քաղաքականությունը կարգավորող միջազգային հարաբերությունների համակարգը, իրադարձությունները տարբեր կողմերից մեկնաբանվում են ուժի եւ սեփական շահի դիրքերից: «Աշխարհում 1991 եւ 2001թթ. հետո այնպիսի հասկացություններն, ինչպիսիք են «պետական ինքնիշխանությունը», «ազգերի ինքնորոշման իրավունքը», շատ անգամ համաշխարհային տերությունների կողմից միակողմանիորեն են մեկնաբանվում: Մերձդնեստրը եւ Լեռնային Ղարաբաղը կարող են միջազգային ճանաչում ստանալ միայն այն դեպքում, եթե նրանց ղեկավարության եւ ժողովրդի անկախության ձգտելու կամքը համընկնի միջազգային հարաբերությունների մեկ կամ մի քանի նշանակալից խաղացողների արտաքին քաղաքականության ռազմավարության հետ եւ հակազդեցություն չստանա այդ հայտարարության հակառակորդների կողմից: Լեռնային Ղարաբաղի դեպքն այստեղ օրինակելի է` ես չեմ տեսնում ոչ մի մեծ տերություն, որին ձեռնատու լիներ ճանաչել այդ տարածքի անկախությունը»,-ասել է Սոտնիչենկոն:

  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ