ԱԱԾ. Իրաքցիների ապօրինի միգրացիա են կազմակերպել՝ յուրաքանչյուրից ստանալով 12,000-ական եվրո 1 օգոստոսի 2019 - 10:24 AMT PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության ծառայությունն ապօրինի միգրացիայի դեմ պայքարին ուղղված գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հանցավոր խումբ: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ Իրաքի Հանրապետությունում բնակվող մի խումբ անձինք, նախնական համաձայնությամբ, ՀՀ տարածքով տարանցման պատշաճ թույլտվություն ստանալու համար կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ, կազմակերպել են Իրաքի մի շարք քաղաքացիների ապօրինի միգրացիան՝ նրանցից յուրաքանչյուրից ստանալով 12,000-ական եվրո գումար: ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնում են, որ Հանցավոր խումբը վերջիններիս հանձնել է Էրբիլ-Երևան և Երևան-Ստամբուլ-Էրբիլ ավիաչվերթների տոմսեր՝ պայմանավորվելով, որ նրանք իրականում չեն վերադառնալու Իրաք, այլ Հայաստանից ապօրինի մեկնելու են Եվրոպա: Համաձայն մշակված պլանի՝ այդ անձինք ՀՀ պետական սահմանը հատել են իրենց օրինական՝ Իրաքի Հանրապետության քաղաքացու անձնագրերով, իսկ օդանավակայանի չեզոք գոտում օգտագործելով իսպանական և ֆրանսիական ակնհայտ կեղծ անձնագրերը և դրանց տվյալներով ձևակերպված նստեցման կտրոնները, փորձել են նստել Վիեննա մեկնող ինքնաթիռ, սակայն ՀՀ ԱԱԾ աշխատակիցները բացահայտել են հանցանքը, և ապօրինի միգրացիայի կազմակերպումը կանխվել է: Իրաքի հիշյալ քաղաքացիները ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով ձերբակալվել են և ներգրավվել որպես մեղադրյալ, իսկ որպես խափանման միջոց ընտրվել է անձնական երաշխավորությունը: Բացի այդ, ՀՀ 2 քաղաքացի, որոնցից մեկը հնարավոր է՝ առնչություն ունի Իրաքի քաղաքացիների անօրինական միգրացիայի կազմակերպման հետ, նույն եղանակով կազմակերպել են ՀՀ մի խումբ քաղաքացիների ապօրինի միգրացիան դեպի Եվրոպա: Մասնավորապես, օդանավակայանի չեզոք գոտում օգտագործելով հունական կացության կեղծ վկայականներ և դրանց տվյալներով ձևակերպված նստեցման կտրոնները, նշված քաղաքացիները փորձել են նստել Բարսելոնա մեկնող ինքնաթիռ, սակայն բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից: Վերջիններիս նկատմամբ կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց, կատարվել են համապատասխան քննչական գործողություններ: Խուզարկությամբ կազմակերպիչների բնակության վայրերում հայտնաբերվել են իսպանական կացության քարտեր և Հունաստանի մուտքի ինքնասոսնձվող արտոնագրեր: Հիշյալ անձինք բերման են ենթարկվել և ձերբակալվել ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Առերևույթ հանցագործություններ կատարելու համար ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Մեղադրանք է առաջադրվել հինգ անձի: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |