Զբոսաշրջային փաթեթների ապահովագրության հարց է դիտարկվում

Զբոսաշրջային փաթեթների ապահովագրության հարց է դիտարկվում

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության օգոստոսի 1-ի նիստում էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, անդրադառնալով Եգիպտոսում հանգստացող ՀՀ քաղաքացիների հետ կապված վերջին միջադեպին, հայտնել է, որ գերատեսչությունը դիտարկում է զբոսաշրջային փաթեթների ապահովագրության ներդրման հարցը:

Նա նշել է, որ Զբոսաշրջության պետական կոմիտեն և նախարարությունն այժմ ուսումնասիրում են աշխարհում Հայաստանի նման տնտեսությամբ երկրների փորձը՝ հասկանալու, թե ինչիպիսի որոշումներ պետք է կայացվեն։

«Ճիշտը, իմ կարծիքով, տվյալ տուրիստական կազմակերպություններին իրենց ստանձնած քաղաքացիաիրավական պարտավորությունների կատարման առնչությամբ ապահովագրության պահանջի ներկայացումն է»,- ասել է նախարարը և ընգդծել, որ զբոսաշրջային գործակալության կողմից պետք է լինեն երաշխիքներ սեփական պարտավորությունները կատարելու մասով։

Նախարարի խոսքով՝ այդ ապահովագրությունը չպետք է թանկ լինի ՀՀ քաղաքացիների համար, իսկ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը առաջարկել է մշակել կոնցեպտ։

«Կարծում եմ՝ խելամիտ սահմաններում այդ գումարը մեր քաղաքացիները պատրաստ կլինեն վճարել և խուսափել հյուրանոցի սպասասրահում սպասելու ռիսկից։ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է համոզված լինի, որ պետությունը և կառավարությունը իր կողքին է, որտեղ էլ նա լինի։ Հուրգադայի դեպքը խոսում է ինստիտուցիոնալ բացի մասին, որը պետք է լրացնել», - ասել է Ավինյանը։

Ավելի վաղ կառավարությունը գումար է հատկացրել «Էյ ընդ Ար Տուր» գործակալության միջոցով Եգիպտոս հանգստի մեկնած ՀՀ քաղաքացիների վերադարձը կազմակերպելու համար: Տուրօպերատորը, պարզվում է, չի վճարել նրանց հետադարձի թռիչքի գումարները ավիափոխադրողին:

Ընկերության դեմ քրեական գործ է հարուցվել:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---