2 օգոստոսի 2019 - 10:49 AMT
40 ազդեցիկ ավստրալացիներ միացել են «Արցախի ավստրալացի բարեկամներ» խմբին

Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը հայտարարել է «Արցախի ավստրալիացի բարեկամներ» խմբի ստեղծման մասին, որում ընդգրկված են 40 ազդեցիկ ավստրալացիներ:

Սիդնեյում օգոստոսի 1-ին տեղի է ունեցել Արցախի պատվիրակության անդամների հանդիպումը հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ, որ ժամանակ Հայ Դատի Ավստրալիայի հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը հայտարարել է Ավստրալիայում Արցախի հետ բարեկամական շրջանակի ստեղծման մասին։

Խմբում ընդգրկվել են դաշնային նախարարներ և խորհրդարանականներ, Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը և նահանգի այլ խորհրդարանականներ, ինչպես նաև գիտնականներ, մի շարք կրոնական և հասարակական կազմակերպությունների ղեկավարներ:

Հայտարարությունն արվել է Արցախի Հանրապետությունից արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորությամբ պատվիրակության այցի ավարտին, հայտնում է Արցախպրեսը:

Մայիլյանը ողջունել է խմբի ստեղծումը ՝ վստահություն հայտնելով, որ նույն բարեկամական խումբը կստեղծվի նաև Արցախում և «կդառնա երկու երկրների միջև համագործակցության կարևոր ուղի»:

Օգոստոսի 1-ին Ավստրալիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Սիդնեյ քաղաքում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակության հանդիպումը Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանի հետ: