2 օգոստոսի 2019 - 11:02 AMT
Սահմանամերձ համայնքների 700-ից ավելի երեխա՝ Երևանում մշակութային միջոցառումների մասնակից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ սահմանամերձ համայնքների 9-13 տարեկան մոտ 700 երեխայի համար ամառային արձակուրդների շրջանակում Երևանում միջոցառումներ են անցկացվում:

Հակոբյանի պաշտոնական կայքի հաղորդմամբ, հուլիսի 31-ին Արարատի մարզի սահմանամերձ Արմաշ գյուղի 60 երեխան ծրագրի շրջանակում այցելել է Հայաստանի Ազգային պատկերասրահ և մասնակցել պատկերասրահի ինտերակտիվ կրթական ծրագրին, այնուհետև այցելել է «Հաղթանակի» զբոսայգի, Երևանի կենդանաբանական այգի, շրջել քաղաքի նորաբաց այգիներում։

Ծրագրի մեկնարկը տրվել է հուլիսի 26-ին: Այս ընթացքում Երևան են այցելել Տավուշի մարզի Բաղանիս, Այգեպար, Ոսկեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Վերին Կարմիրաղբյուր, Արարատի մարզի Երասխ և Արմաշ գյուղերի երեխաները: Ծրագիրը շարունակվելու է մինչև օգոստոսի 16-ը:

Այն իրականացվում է ՀՀ վարչապետի աշխատակազմի պահուստային ֆոնդի աջակցությամբ։ Ծրագրի կազմակերպման համար տրամադրվել է 3.6 մլն դրամ։

Երեխաները գալիս են 50-60 հոգանոց խմբերով և մի ամբողջ օր անցկացնում են Երևանում: Օրն ամփոփվում է Ազգային պատկերասրահում հատուկ նրանց համար իրականացվող ինտերակտիվ ծրագրով: