2 օգոստոսի 2019 - 16:07 AMT
ԱԽ քարտուղարն ԱՄՆ դեսպանի հետ հանդիպմանը կարևորել է ԼՂ-ին մարդասիրական օգնության տրամադրումը

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայկական կողմի նախաձեռնությամբ ընդունել է ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին. ԱԽ քարտուղարը հատուկ ընդգծել է Արցախին տրվող ամերիկյան մարդասիրական օգնության շարունակականության կարևորությունը:

Քարտուղարն անդրադառնալով ականազերծման ծրագրերին տրվող ԱՄՆ ֆինանսական աջակցությանը` նշելով այդ ծրագրերի կարևորությունը տեղի բնակչության համար։

Գրիգորյանը ներկայացրել է անվտանգության ոլորտում կատարվող բարեփոխումները, մասնավորապես՝ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ մշակվող քաղաքականությունը` հատուկ ընդգծելով դրանց կարևորությունը:

Դեսպան Թրեյսին նշել է, որ տարածաշրջանային և գլոբալ անվտանգության երաշխավորումը մեր երկկողմ հարաբերությունների առանցքային բաղադրիչներից մեկն է, և նա ուրախ է, որ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հնարավորություն ունեցավ անդրադառնալու մեր երկու երկրների հետագա համագործակցությանն այս ոլորտում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր: Արմեն Գրիգորյանը և Լին Թրեյսին մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման և տարածաշրջանային նշանակության այլ թեմաների շուրջ:

Ավելի վաղ հայտնի է դարձեկ, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը, տեղի տալով ադրբեջանական բռնատիրական ռեժիմի ճնշմանը, կարող է դադարեցնելԱրցախի ականազերծման The HALO Trust ծրագրի ֆինանսավորումը, որն անհամար թվով կյանքեր է փրկել: