Պլաստիկ տոպրակները վճարովի դարձնող նախագիծը լրացվում է. Պահանջը տեղափոխվել է 2020-ի հունվար

Պլաստիկ տոպրակները վճարովի դարձնող նախագիծը լրացվում է. Պահանջը տեղափոխվել է  2020-ի հունվար

PanARMENIAN.Net - ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը պոլիէթիլենային տոպրակների անվճար տրամադրումն արգելող օրենքի նախագծում փոփոխություններ է իրականացնում, որոնցով պահանջի ուժի մեջ մտնելու նախապես որոշված ժամկետը 2019 թվականի հուլիսի 1-ից տեղափոխվում է 2020 թվականի հունվարի 1:

PanARMENIAN.Net -ի հետ զրույցում նախարարության Բնապահպանական ռազմավարական ծրագրերի ու մոնիթորինգի վարչության պետ Լուսինե Ավետիսյանը հայտնել է, որ նախագիծը շրջանառության մեջ դնելուց հետո՝ տնտեսվարողների հետ քննարկումներում, որոշվել է ժամանակ տալ վերջիններիս նախապատրաստվելու համար:

Ավետիսյանը հայտնեց նաև, որ այժմ օրենքը լրամշակման փուլում է:

Ընթացիկ տարվա փետրվարին նախարարությունը շրջանառության մեջ է դրել 2019 թվականի հուլիսի 1-ից պոլիէթիլենային տոպրակների անվճար տրամադրումն արգելող օրենքի նախագիծ, որով նախատեսվում էր նաև 2020 թվականի հունվարի 1-ից պոլիէթիլենային տոպրակների իրացման դեպքում սահմանել հատուկ հարկ, ինչը միտված է տոպրակների օգտագործման կտրուկ նվազեցմանը, իսկ 2022-ին արգելել դրանց վաճառքը Հայաստանում:

Հայաստանում մի շարք սուպերմարկետներ արդեն մի քանի տարի է՝ պոլիէթիլենային տոպրակները վաճառում են 10 դրամով՝ գնված ապրանքը տեղավորելուց առաջ գնորդից ճշտելով, թե արդյոք ցանկանում են դրանք տեղափոխել տոպրակով:

Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանի Հանրապետություն 2013-2015 թվականներին ներմուծվել է մոտ 16 տոննա պոլիէթիլենային փաթեթ, հանրապետությունում արտադրվել է՝ 8.149,1 տոննա։ 2017-2018 թվականներին ներմուծվել է 18.059,6 տոննա էթիլենի պոլիմերներ՝ սկզբնական ձևերով։ Հայաստանի Հանրապետությունում փաթեթավորման համար պոլիէթիլեն արտադրողներ հիմնական ընկերությունները 4-ն են։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---