Փաշինյանը՝ Սարգսյանի օրոք կազմած գաղտնի փաստաթղթի մասին. «Մեր երկրում պետինստիտուտները կաթվածահար են»

Փաշինյանը՝ Սարգսյանի օրոք կազմած գաղտնի փաստաթղթի մասին. «Մեր երկրում պետինստիտուտները կաթվածահար են»

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնել է, որ ծանոթացել է նախորդ իշխանությունների ժամանակ՝ 2014 թվականին կազմած մի գաղտնի զեկույցի և եզրահանգել, որ երկիրը գտնվում է «ինստիտուցիոնալ կաթվածահար վիճակում»:

Վարչապետը հայտնել է, որ այդ փաստաթղթին մի քանի ամիս առաջ ծանոթացել էր, բայց որոշել էր հրատապ հետևություններ չանել:

«Այս փաստաթուղթը կարևոր է նրանով, որ տալիս է ամբողջական պատկերացում, թե ինչ վիճակում է մեր երկիրը, կամ ինչ վիճակում է եղել մեր երկիրը, որովհետև այն պրոբլեմները, ինչն այստեղ գրված են, բնականաբար, մեկ տարվա ընթացքում հնարավոր չէր լինի շտկել: Բայց շատ կարևոր էր արձանագրել, և այս փաստաթուղթը նաև այդ առումով է կարևոր, թե մենք ինչ իրավիճակում ենք ժառանգել ՀՀ-ն: Սա, ըստ էության, փաստաթուղթ է այն մասին, որ մեր երկրում, ըստ էության, պետական ինստիտուտները կաթվածահար են և ինստիտուցիոնալ առումով մեր երկիրն ամբողջությամբ ձախողված է: Շատ կարևոր է այս փաստաթուղթը, գրվել է Սերժ Սարգսյանի իշխանության վերջին տարիներին: Ես կարծում եմ, այս փաստաթղթի հեղինակները իսկապես շատ մեծ համարձակություն են ցուցաբերել», - ասել է վարչապետը:

Փաշինյանը միաժանակ հավելել է, որ փաստաթղթի բովանդակությունն օգնում է հասկանալ, թե ինչ խնդիրներ պետք է լուծել երկրում:

«Ամենաթարմ օրինակը վերցնենք՝ ճանապարհաշինությունը: Թվում է, թե կա գումար, այս տարի աննախադեպ մեծ գումար ենք հատկացրել ճանապարհաշինության համար, այդ գումարը կառավարությունը հատկացրել է, թվում է, թե այլևս պետք է ճանապարհները կառուցվեն որակով, ժամանակին, պատշաճ ձևով, բայց ամեն ինչ չէ, որ այդքան պարզ է: Նախորդ տարի դեպքեր ունեցանք, որ մրցույթը ինչ-որ ընկերություն շահում է, հետո պարզվում է, որ ճանապարհն այնպիսի որակով են կառուցել, որ 6 ամսվա ընթացքում պիտի քանդվի: Մենք հիմա այդ ընկերություններին վճարումներ չենք անում, բայց էությունը սրանից չի փոխվում, որովհետև կորցնում ենք ժամանակը, փչանում է տրամադրությունը: Ու այս փաստաթուղթը կարդում եմ, ևս մեկ անգամ համոզվում եմ, որ ՀՀ-ում ըստ էության կառավարման համակարգը հենված է եղել կոռուպցիայի վրա, և երբ որ կոռուպցիան հանում ես, պարզվում է էլ տակը կառավարման համակարգ չկա: Սա ամենամեծ պրոբլեմն է, ըստ էության ,ու մեր կառավարությունը կանգնած է այսպիսի մարտահրավերների առաջ: Մենք պետք է զրոյից ստեղծենք ինստիտուտներ, որոնք պետք է լուծեն այն պրոբլեմները, որոնք կանգնած են մեր երկրի առաջ», - ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նաև հստակեցրել է, թե ինչ նկատի ունի՝ ինստիտուտ ասելով՝ անկախ դատական համակարգ, նաև պետգնումների համակարգ և այլն:

 Ուշագրավ
ԱԺ նախագահը ստորագրել է արձանագրությունը
Մոսկվա մեկնած ՀՀ պատվիրակները ներկայացրել են նաև Լաչինի միջանցքի շրջափակման փաստը
Այցը տարածաշրջանային է՝ Եգիպտոսի նախագահն այժմ Հնդկաստանում է, կլինի նաև Ադրբեջանում
Փաշինյանը համաժողովին մասնակցել է միայն 2019 թվականին
---