Բերդավանի պետպոմպակայանն ապօրինի սեփականացվել է. Քրգործ կա

Բերդավանի պետպոմպակայանն ապօրինի սեփականացվել է. Քրգործ կա

PanARMENIAN.Net - Բերդավանի պետական պոմպակայանն ապօրինի սեփականացվել է, ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել, հայտնել դատախազության հանրային կապերի բաժինը:

Պարզել է, որ 1999-ին կառուցված Բերդավանի խմելու ջրի պոմպակայանը միացվել է Նոյեմբերյան քաղաքի և Բերդավան գյուղի գոյություն ունեցող ջրմուղներին` 29.6 մլն դրամ մնացորդային արժեքով և հաշվառվել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի հաշվեկշռում: Սակայն հետագայում Նոյեմբերյան քաղաքի և Բերդավան գյուղի խմելու ջրի մատակարարումն ապահովող պոմպակայանը, դրա շինություններով և գույքով հանդերձ, ՍՊԸ-ի սեփականության իրավունքի գրանցման վկայականում նշվել է որպես ինքնակամ շինություն:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ Նոյեմբերյանի տարածաշրջանում, այդ թվում Բերդավան համայնքում ջրամատակարարման, ջրահեռացման համակարգերի բարելավման ներդրումային ծրագրերի շրջանակներում նույն պոմպակայանի վրա կատարվել են շինարարական աշխատանքներ, որի ծախսը կազմել է ընդհանուր 86.8 մլն դրամ:

Դրանից 82 մլն դրամի շինմոնտաժային աշխատանքների շինարարության շահագործման վերաբերյալ Բերդավան և Կողբ համայնքների ղեկավարների կողմից 2011-ի օգոստոսին ստորագրվել են փաստագրման ակտեր:

Պարզվել է նաև, որ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից մերժվել է «Բերդավանի» պոմպակայանի սեփականության իրավունքները գրանցելու պահանջներով «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի 14.10.2013թ. դիմումը, ինչի կապակցությամբ վերջինս դիմել է ՀՀ վարչական դատարան, սակայն հետագայում նոր քննության փուլում առանց հիմնավորումների հրաժարվել է հայցապահանջից:

Նշված վարչական գործի քննությանը զուգահեռ՝ ընդդեմ «Հայջրմուղկոյուղի», հետագայում նաև «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի և ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի (նախկին անվանումը) դատարան է դիմել վերոնշյալ ՍՊԸ-ն՝ խնդրելով ՓԲԸ-ին վտարել իրեն սեփականության իրավունքով պատկանող հողամասից:

ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեն, պոմպակայանի, որպես ինքնակամ շինություն կադաստրի գրանցումները վիճարկելու և դրանք անվավեր ճանաչելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու փոխարեն քաղաքացիական գործի շրջանակում հակընդդեմ հայց է հարուցել` ընդամենը խնդրելով պոմպակայանի համար սահմանել անվճար մշտական սերվիտուտ։ ՀՀ կառավարության որոշմամբ պետական սեփականություն հանդիսացող գույքը՝ Բերդավանի պոմպակայանը, վարձակալության իրավունքով հանձնվել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին:

Չնայած այդ հանգամանքին՝ Կողբ համայնքի ղեկավարը 2018-ի նոյեմբերի 12-ի որոշմամբ օրինական է ճանաչել ՍՊԸ-ին պատկանող հողամասի վրա որպես ինքնակամ կառույց նշված պոմպակայանն իր շինություններով: Այդ և մյուս ինքնակամ կառույցները օրինականացնելու դիմաց ՍՊԸ-ն վճարել է 200,600 դրամ և 2018-ի նոյեմբերին գրանցել իր սեփականության իրավունքը:

Այսպիսով, ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի պատասխանատու պաշտոնատար անձինք պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով` 2015-2019-ի ընթացքում որևէ գործուն միջոց չեն ձեռնարկել պոմպակայանի, որպես ինքնակամ շինության, կադաստրի գրանցումները վիճարկելու, դրանք անվավեր ճանաչելու ուղղությամբ: Իսկ Կողբ համայնքի ղեկավարը, չարաշահելով պաշտոնեական դիրքը, 2011թ. օգոստոսի 1-ին ստորագրելով Բերդավանի պոմպակայանում 82 մլն դրամի շինմոնտաժային աշխատանքների ավարտման վերաբերյալ շինարարության շահագործման փաստագրման ակտը, այսինքն տեղյակ լինելով դրա ինքնակամ կառույց չլինելու մասին` 2018-ի որոշմամբ այն, որպես ՍՊԸ-ին պատկանող հողամասի վրա կառուցված ինքնակամ կառույց, ճանաչել է օրինական:

Դրա հետևանքով պետական բյուջեի միջոցներով կառուցված պոմպակայանը, ճանաչվել է որպես ՍՊԸ-ի սեփականություն՝ պետության համար առաջացնելով ծանր հետևանքներ:

Բացի այդ, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի պատասխանատու ծառայողներն իրենց կարգադրիչ կամ այլ լիազորություններն այդ կազմակերպության շահերին հակառակ և իր կամ ուրիշ անձանց օգտին օգտագործելով՝ 2016-ին առանց հիմքերի հրաժարվել են Բերդավանի պոմպակայանի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը մերժելու մասին ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի որոշումը վիճարկելու հայցից և հետագայում որևէ միջոց չեն ձեռնարկել պոմպակայանի այլ անձանց իրավունքի գրանցումները անվավեր ճանաչելու ուղղությամբ` առաջացնելով ծանր հետևանքներ:

Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 214-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---