Գրպանահատության պատիժը խստացնող նախագիծն ԱԺ-ում է. Հնարավոր է՝ աշնանային նստաշրջան մտնի

Գրպանահատության պատիժը խստացնող նախագիծն ԱԺ-ում է. Հնարավոր է՝ աշնանային  նստաշրջան մտնի

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության կողմից 2018 թվականին հաստատված՝ գրպանահատության համար պատիժը խստացնող օրենքի նախագիծն ուղարկվել է ԱԺ:

PanARMENIAN.Net -ի հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանը հայտնեց, որ նախագիծը, ամենայն հավանականությամբ, լիագումար նիստերի օրակարգ կմտնի ընթացիկ տարվա աշնանը:

Նախագծով քրեական պատասխանատվություն է սահմանվում գրպանահատության համար: Փոփոխություններն ուժի մեջ մտնելու դեպքում գրպանահատներն այսուհետև պատժվելու են 200-600 հազար դրամ տուգանքով կամ 2.5-6 տարի ազատազրկմամբ ու 50,000 դրամ տուգանքով։

Ըստ գործող օրենսդրության, գրպանահատության դեպքում գողոնի արժեքը, որպես կանոն, չի գերազանցում 50,000 դրամը, այդ շեմը չհատելու դեպքում քրգործ հարուցվում է միայն տուժողի բողոքի հիման վրա, իսկ տուժողի ու կասկածյալի հաշտվելու գործը կարճվում է։ Ավելին՝ քրեաիրավական պատասխանատվության ոլորտից դուրս են մնում բոլոր այն դեպքերը, երբ գրպանահատության միջոցով հաջողվել է գողանալ 5000 դրամից պակաս գումար։

Փաստացի՝ գրպանահատը, բռնվելուց, վերադարձնում է գումարն ու չի հետապնդվում, եթե այնտեղ 5000 դրամից պակաս գումար է եղել, կամ՝ եթե գումարը չի գերազանցել 50,000 դրամը:

2015-17 թվականներին, ըստ վիճակագրության, գրպանահատներին էր բաժին ընկնում երկրում գողությունների ամեն 4-5-րդ դեպքը։ Դատարանում «զղջալու», տուժողների հետ հաշտվելու և դիմումի բացակայության պատճառով, փաստացի՝ գրպանահատների մոտ 95%-ը ազատվել է պատժից։ Կա դեպք, երբ նույն անձը 121 անգամ բռնվել է գրպանահատության համար ու միայն 1 անգամ տուգանվել է։

Այժմ առաջարկվում է որպես գողության ծանրացնող հանգամանք ավելացնել պայուսակից, հագուստից կատարված գողությունը: «Նման լուծման պայմաններում գրպանահատությունը կդիտարկվի որպես հանրային մեղադրանքի գործ, ինչպես նաև դրա վրա չի տարածվի «զգալի չափով» կատարված լինելու պայմանը:

Գրպանահատության համար պատիժ նախատեսող 177 հոդվածի 1-ին մասով 2015-17թթ. քրեական վարույթ է իրականացվել 5160 մարդու նկատմամբ։ Նրանցից 4045-ի դեմ քրգործ չի հարուցվել, 780-ի դեմ հարուցված գործերը կարճվել են։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---