Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ քննարկման ժամանակ հրապարակավ վիրավորել են նախարարին

Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ քննարկման ժամանակ հրապարակավ վիրավորել են նախարարին

PanARMENIAN.Net - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» ԵԽ կոնվենցիայի (Ստամբուլյան կոնվենցիա) մասին հրավիրված քննարկմանն իրեն հրապարակավ անձնական վիրավորանք են հասցրել:

«Երեկ Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորուման հրավերով կառույցի կենտրոնական գրասենյակում մասնակցեցի կոնվենցիայի մասին քննարկմանը։ Կարևորելով հանրային երկխոսությունը՝ ես և արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը երեքուկես ժամ տևած հանդիպման ընթացքում մանրակրկիտ անդրադարձանք ընտանեկան բռնության և կանանց հանդեպ բռնության կանխարգելմանը, համբերատար պատասխանեցինք ներկաների բոլոր հարցերին: Նույնիսկ այս պարագայում, սակայն, մասնակիցներից ոմանք ագրեսիվ և անհարգալից վարվեցին ներկաների և կառավարության անդամների նկատմամբ», - գրել է նախարարը։

Նա հայտնել է, որ ինչպես հրավիրող կողմն էր վստահեցնում՝ հանդիպման նպատակը կառուցողական և գաղափարական քննարկման հարթակ ստեղծել էր։

«Ցավում եմ, որ ՀԵՀԵՄ-ի անդամները ջերմ հարաբերությունների մեջ են ատելության խոսք տարածող հայտնի «Կամք» նախաձեռնության անդամների հետ և հանդուրժող են նրանց՝ ՀՀ քաղաքացուն և քրիստոնյային անվայել վարքագծի հանդեպ։ Ցավում եմ նաև, որ տեղում քայլեր չձեռնարկվեցին կանխելու նրանց անպարկեշտ պահվածքը, որը հնարավոր էր կանխատեսել։ Ստեղծված իրավիճակը, ի վերջո, բերեց նրան, որ հանդիպման վերջում նրանք հրապարակային անձնական վիրավորանք հասցրեցին ինձ։ Որպես քրիստոնյա՝ ես այլ կերպ եմ պատկերացնում եկեղեցականի և եկեղեցու հետ որևէ կապ ունեցող կառույցի առաքելությունը՝ առանց բռնության, հարգանքի վրա հիմնված միջավայր ապահովելը, բռնությունը ոչ միայն մերժելն ու կանխելը, այլ նաև լայն մեկնաբանությունների հնարավորություն չընձեռող դատապարտումը», - գրել է Բաթոյանը:

Նա նշել է, որ որպես կառավարության անդամ՝ շարունակելու է հավատարիմ մնալ մարդու իրավունքների սկզբունքներին և աջակցելու է սոցիալական պաշտպանության կարիք ունեցող ՀՀ բոլոր քաղաքացիներին, ներառյալ այն կանանց, որոնք ենթարկվել են բռնության։

Նախարարը հայտնել է նաև, որ պատրաստվում է օգտվել սահմանադրական երաշխիքներից՝ պաշտպանելու իր արժանապատվությունը և խտրականությունից պաշտպանված լինելու իրավունքը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---