ԿԽՄԿ-ն պատրաստ է ռիսկերի նվազեցման պիլոտային ծրագիր իրականացնել սահմանամերձ խոցելի համայնքներից մեկում

ԿԽՄԿ-ն պատրաստ է ռիսկերի նվազեցման պիլոտային ծրագիր իրականացնել սահմանամերձ խոցելի համայնքներից մեկում

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ու ԿԽՄԿ ներկայացուցիչները Երևանում կայացած հանդիպմանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում լարվածության աճը:

Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչների պատվիրակությունը գլխավորում է Հայաստանում ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավար տիկին Քլեր Մեյթրոն, հայտնում է ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Արտահայտելով իր մտահոգությունը քաղաքացիական անձանց կյանքի, առողջության և գույքի նկատմամբ առկա սպառնալիքներին, Մեյթրոն պատրաստակամություն է հայտնել ՀՀ պատկան մարմինների հետ համագործակցությամբ առավել խոցելի համայնքներից մեկում իրականացնել ռիսկերի նվազեցմանն ուղղված պիլոտային ծրագիր, որը ենթադրում է համայնքների դպրոցներում, մանկապարտեզներում ու առավել գնդակոծվող տեղամասերում պաշտպանիչ պատերի կառուցում և մարդկանց շրջանում իրազեկվածության բարձրացման միջոցառումների անցկացում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ ՊՆ և ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության միջև համագործակցության ընթացիկ հարցերը, օրակարգային միջոցառումները, ինչպես նաև փոխգործակցության արդյունավետության բարձրացման հնարավորությունները և առաջիկա անելիքները:

Հանդիպման վերջում զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելու հետ կապված, ինչպես նաև ՀՀ գերիների, պատանդների, անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի և ԿԽՄԿ-ի կողմից իրականացվող աշխատանքների համադրմանն առնչվող այլ հարցեր:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---