8 հոկտեմբերի 2008 - 15:43 AMT
Ռուսաստանը սկսել է դուրս բերել զորքերը Վրաստանի եւ Հարավային Օսեթիայի միջեւ բուֆերային գոտուց
Ռուսաստանը սկսել է դուրս բերել զորքերը Վրաստանի եւ Հարավային Օսեթիայի միջեւ բուֆերային գոտուց: Այնտեղ տեղակայված բոլոր 6 անցակետերը դուրս կբերվեն չորքեշաբթի: Այս մասին հայտարարել է ռուս խաղաղապահների հրամանատար Մարատ Կուլախմետովը:

Ռուսական զրահատեխնիկան եւ ռազմական բեռնատարները բուֆերային գոտուց հեռանում են դեպի Հարավային Օսեթիա: Կովկասում հրադադարի մասին համաձայնագրով, որը հայտնի է որպես Մեդվեդեւ-Սարկոզիի ծրագիր, Ռուսաստանը պետք է մինչեւ հոկտեմբերի 10-ը դուրս բերի իր դիտակետերը «անվտանգության գոտուց»: Գործընթացին հետեւում են շուրջ 200 դիտորդներ Եվրամիությունից:

Ավելի վաղ Վրաստանի ՆԳՆ ներկայացուցիչ Շոթա Ուտիաշվիլին հաղորդել էր, որ իր տվյալներով, ընդհանուր առմամբ Աբխազիայում, Հարավային Օսեթիայում եւ հարակից բուֆերային գոտում տեղակայված էր 23 ռուսական հենակետ: Եվրոպացի դիտորդները հաստատել են, որ գրանցել են բուֆերային գոտուց ռուսական զորքերի դուրսբերման մեկնարկը: Մոսկվան մտադիր է պահպանել իր զինվորականների ներկայությունը Վրաստանից անջատված եւ իր կողմից ճանաչված տարածքներում: Ենթադրվում է, որ Հարավային Օսեթիայում եւ Աբխազիայում կտեղակայվեն շուրջ 8 հազար ռուս զինվորականներ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: