ՀՀ և ՌԴ վարչապետները քննարկել են հայ-ռուսական օրակարգի լայն շրջանակ

ՀՀ և ՌԴ վարչապետները քննարկել են հայ-ռուսական օրակարգի լայն շրջանակ

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Ղրղզստանում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը քննարկել են հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել երկկողմ գործակցության ընթացիկ օրակարգին։

Նիկոլ Փաշինյանը և Դմիտրի Մեդվեդևը, մասնավորապես, խոսել են առևտրատնտեսական կապերի հետագա զարգացման, ապրանքաշրջանառության ծավալների ավելացման, համատեղ նախագծերի իրականացման ուղղությամբ անելիքների շուրջ։ Նիկոլ Փաշինյանը և Դմիտրի Մեդվեդևը փաստել են, որ երկկողմ հարաբերություններում արձանագրվում է դինամիկ աճ, և պետք է շարունակել ակտիվ աշխատանքը հայ-ռուսական դաշնակցային կապերն ամրապնդելու և զարգացնելու ուղղությամբ։

ՌԴ կառավարության նախագահը ողջունել է Հայաստանի հաջող նախագահությունը ԵՏՄ-ում և նշել, որ երկկողմ հարաբերություններում վերընթաց զարգացում կա, ինչի մասին է վկայում տարբեր մակարդակներում բարձրաստիճան պաշտոնական հանդիպումների և շփումների հաճախականությունը՝ թե՛ երկրների ղեկավարների, թե՛ միջկառավարական, թե՛ միջխորհրդարանական ձևաչափերով, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

ՀՀ վարչապետը դրական է գնահատել Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական համագործակցության ընթացքը և գոհունակությամբ խոսել, մասնավորապես, զբոսաշրջության ոլորտում արձանագրված առաջընթացի մասին. 2019 թ. առաջին 6 ամիսների արդյունքներով Հայաստան այցելած ռուսաստանցի զբոսաշրջիկների թիվն աճել է 19 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Եվ սա այն դեպքում, երբ Հայաստան այցելած զբոսաշրջիկների ընդհանուր թիվը 2019 թ. առաջին կիսամյակի արդյունքներով աճել է 12.8 տոկոսով։ Վարչապետ Փաշինյանը նաև գոհունակությամբ նշել է, որ Վերին Լարսում ծագող հարցերի լուծման օպերատիվ մեխանիզմն արդյունավետ գործում է։ Երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համատեքստում ՀՀ կառավարության ղեկավարը կարևորել է ԵՏՄ-ի ամբողջ ներուժի լիարժեք օգտագործումը։

Հանդիպման ընթացքում Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներն անդրադարձել են գազի, ատոմային էլեկտրակայանի, ավիափոխադրումների ոլորտում համագործակցության, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների օրակարգային մի շարք այլ հարցերի։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև վերջին շրջանում հայաստանյան և ռուսաստանյան ԶԼՄ-ներում արծարծվող հարցերի շուրջ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---