«Գալաքսի» ընկերությունների խումբը և «Ստարտափ Արմենիա» հիմնադրամը կաջակցեն ինովացիոն նախագծերին

«Գալաքսի» ընկերությունների խումբը և «Ստարտափ Արմենիա» հիմնադրամը կաջակցեն ինովացիոն նախագծերին

PanARMENIAN.Net - «Գալաքսի» ընկերությունների խումբը և «Ստարտափ Արմենիա» հիմնադրամը կմիավորեն ջանքերը՝ ինովացիոն նախագծերի իրականացման ու ստարտափների աջակցման ուղղությամբ։ Ամսվա սկզբին «Սևան Ստարտափ Սամմիթ» 2019-ին «Գալաքսի» ընկերությունների խումբը հանդես եկավ գործընկերոջ ձևաչափով, ինչն ամրապնդվեց կողմերի միջև գործակցության հուշագրով։

Գործակցությունը սահմանեց կողմերի հանձնառությունը՝ ներդնելու շարունակական ջանքեր ստարտափ համայնքի աջակցությամբ Հայաստանում ինովացիոն էկոհամակարգի ստեղծման ուղղությամբ։ Հենքում «Գալաքսի» ընկերությունների կողմից տարեսկզբին հայտարարած Ինովացիայի և տեխնոլոգիաների պարկի նախագիծն է։

«Ինովացիոն էկոհամակարգ կառուցելու համար նախ այն պետք է նախագծել էկոհամակարգի ուղիղ շահառուների հետ ու նրանց մասնակցությամբ։ Ստարտափ համայնքը մեր նախագծի կարևորագույն կլաստերներից է, և «Սևան Ստարտափ Սամմիթը» այն կարևորագույն հավաքատեղին է, որտեղ փայլուն գաղափարներ ու նախագծեր են շրջանառվում։ Մեկտեղելով մեր ջանքերը՝ մենք կարող ենք նպաստել ոչ միայն բացառիկ միջավայրի կառուցմանը, այլ ինքնին գործընթացն իրականացնել ինովացիոն ճանապարհով», - նշել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, Ucom ընկերության կառավարման խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը։

«Գալաքսի» ընկերությունների և գործընկերների հետ համատեղ իրականացվող Ինովացիայի և տեխնոլոգիաների պարկի նախագիծը տարածաշրջանում առաջին բազմաոլորտ «էկոհամակարգի» կառուցման մասին է, որտեղ ՏՏ-ն հանդիպելով տնտեսության առանցքային ուղղություններին, կսահմանի հաջորդ սերնդի սպառման ապրանքների և ծառայությունների ինովացիան՝ դառնալով Հայաստանի ու հայկական նորարարական մտքի այցեքարտն աշխարհում։

«Մեր առաքելությունը Հայաստանի ստարտափ էկոհամակարգի զարգացումն է, և մենք հավատացած ենք, որ «Ինովացիոն պարկի» ստեղծման նախաձեռնությունն այն կարևոր նախագծերից է, որին մենք պետք է մասնակցություն ունենանք։ Այս նախագիծը իսկապես համահունչ է մեր առաքելությանը, և մենք ուրախ ենք աջակցել դրա իրականացմանը», - ասել է «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի և «Սևան Ստարտափ Սամմիթի» հիմնադիր Հակոբ Հակոբյանը։

«Սևան Ստարտափ Սամմիթը» միավորում է ավելի քան 1000 սկսնակ ձեռներեցների, ներդրողների և ՏՏ էկոհամակարգի այլ ներկայացուցիչների՝ ստեղծելով ոչ ֆորմալ միջավայր` կրթության, բիզնես կապերի հաստատման և ներդրումային գործարքների համար: ԴՐա շրջանակում բոլոր ներկաները հնարավորություն են ստանում մասնակցել դասախոսությունների և քննարկումների բիզնես աշխարհի հաջողակների հետ, ովքեր կիսվում են իրենց փորձով, օգնում են բացահայտել բիզնեսի արագ զարգացման գաղտնիքներն ու միջազգային շուկաներ դուրս գալու լավագույն ճանապարհները: Այս նպատակով կազմակերպիչները Հայաստան են հրավիրվել 100-ից ավելի մենթորներ և հաջողակ ձեռներեցներ, վենչուրային և հրեշտակ ներդրողներ։

2019-ի «Սևան Ստարտափ Սամմիթին» ինովացիոն էկոհամակարգերի քննարկմանը «Գալաքի» ընկերությունների խումբը ներկայացրեց ընկերության գլխավոր փոխտնօրեն, բիզնեսի զարգացման ղեկավար Հայկ Լորիկյանը։

«Մենք հավատում ենք, որ Հայաստանի հաջողության գործոնը փոխգործակցության մեջ է։ Մենք բազմաթիվ օրինակներ ունենք Հայաստանում հետաքրքիր ու նորարական նախագծերի։ Մենք «Գալաքսիում» աշխարհի առաջատար ընկերությունների հետ համագործակցության հրաշալի օրինակներ ունենք։ Կարևոր է համատեղ ջանքերն ուղղել համագործակցային էկոհամակարգ կառուցելուն, որտեղ առանձին ներկայացուցիչներ կշարունակեն իրենց գործը, բայց ընդհանուրի ստեղծած հավելյալ արժեքը շատ ավելի մեծ կլինի»,- համագործակցության հուշագրի ստորագրման արարողությանը նշել է Հայկ Լորիկյանը։

«Մենք Սամմիթում փայլուն երիտասարդներ ու գաղափարներ ունենք, բիզնեսի հետ նրանց կիրառական փորձառությունը այն կարևոր հենքը կդառնա, որի հիման վրա հաջողության գործոնը կկրկնապատկվի», - «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի գործադիր տնօրեն Արսեն Հարությունյանը։

«Գալաքսի» ընկերությունների խումբը հիմնադրվել է Հայաստանում 1999թ.-ին և գործունեության 20 տարիների ընթացքում ստեղծել և կայացրել է ավելի քան 15 ընկերություն՝ Հայաստանում, Վրաստանում և Բելառուսում։ Այժմ «Գալաքսի» ընկերությունների խմբի աշխատակիցների թիվը գերազանցում է 3000-ը, և սոցիալական պատասխանատվության ծրագրերը կրթության, ինովացիայի և սոցիալական բարելավման ոլորտում կազմում են ընկերության գործառնական աշխատանքի 5 տոկոսը։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---