9 հոկտեմբերի 2008 - 14:29 AMT
Կոսովոյի անկախության մասին գործը կքննարկվի ՄԱԿ-ի Միջազգային դատարանում
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը հավանություն է տվել Սերբիայի պահանջին` քննության առնել ՄԱԿ-ի Միջազգային դատարանում Կոսովոյի անկախության հռչակման մասին գործը: ԳՎ 192 անդամներից 77-ը այդ գործը Միջազգային դատարան հանձնելուն կողմ են քվեարկել, 74-ը ձեռնպահ են մնացել, վեցը` դեմ են եղել: Այժմ դատարանը պետք է որոշի, թե որքանով է «միջազգային իրավունքին համապատասխանում» Պրիշտինայի կողմից միակողմանի անկախության հռչակումը:

«Գործը դատարան հանձնելու դեմ քվերակելը կնշանակեր ժխտել այժմ եւ ապագայում ՄԱԿ-ի համակարգի միջոցով իրավաբանական աջակցություն որոնելու ցանկացած երկրի իրավունքը»,-քվեարկության նախօրեին հայտարարել է Սերբիայի արտգործնախարար Վուկ Երեմիչը:

Դեմ են քվեարկել ԱՄՆ-ն ու Ալբանիան: Եվրամիության ներկայացուցիչների մեծ մասը ձեռնպահ է մնացել:

Բազմաթիվ արեւմտյան երկրների կողմից ճանաչված Պրիշտինայի անկախության կողմնակիցները, ներառյալ ԱՄՆ-ն եւ ԵՄ-ի առաջատար երկրները, գտնում են, որ գործի փոխանցումը դատարան լուրջ խոչընդոտ կդառնա միջազգային հանրությանը Կոսովոյի ինտեգրման ճանապարհին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Կոսովոյի նախադեպի քննարկումը դատարանում կարող է շուրջ երկու տարի տեւել: ՄԱԿ-ի Միջազգային դատարանը ՄԱԿ-ի գլխավոր վեց մարմիններից մեկն է, որ կոչված է լուծել պետությունների միջեւ ծագած հարցերը: Դատարանի նիստերն անցնում են Հաագայում:

Կոսովոյի անկախությունը Սերբիայից երկրամասի իշխանությունները հռչակեցին 2008թ. փետրվարի 17-ին, այն ժամանակ էլ ընդունվեցին նոր զինանշանն ու դրոշը: Երկրամասի նոր կարգավիճակը մինչ այժմ ճանաչել են 192 ՄԱԿ-ի անդամ երկրներից 40-ը: Սերբիան, Ռուսաստանը, Իսպանիան, Հունաստանը, ինչպես նաեւ մի շարք այլ երկրներ հրաժարվում են ճանաչել Կոսովոյի անկախությունը` հայտարարելով, թե երկրամասի այս միակողմանի քայլը խախտում է միջազգային իրավունքի նորմերը: