Թուրքիայի խորհրդարանը երկարացրել է Իրաքում ՔԱԿ-ի դեմ ռազմական գործողությունների մանդատի ժամկետը

PanARMENIAN.Net - Թուրքիայի խորհրդարանը երկարացրել է մանդատը, որի հիման վրա թուրքական զինված ուժերը ռազմական գործողություններ են իրականացնում հյուսիսային Իրաքում Քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) գրոհայինների դեմ: Մանդատը պահպանելու օգտին են քվերակել 511 պատգամավորներ, դեմ` 18-ը: Ընդամենը հարցի քննարկմանը ներկա են եղել 550 խորհրդարանականներից 529-ը:



Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանի խոսքերով, այս պահին երկրի ղեկավարությունը դիտարկում է հակամարտության գոտում հատուկ բուֆերային գոտիների ստեղծման հնարավորությունը` զերծ պահելու համար սահմանամերձ բնակավայրերը քուրդ գրոհայինների ներթափանցումից:



Մանդատի գործողությունն երկարացնելու մասին որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ թուրքական Դիարբեքիր քաղաքում ՔԱԿ-ի գրոհայինները ավտոբուս են գնդակոծել, որը տեղի ոստիկանական ակադեմիայի կուրսանտներին էր տեղափոխում, գրում է թուրքական Today`s Zaman թերթը: Ուրբաթ օրը ՔԱԿ-ի գրոհայինները զանգվածային հարձակում էին ձեռնարկել Հաքքարի նահանգի սահմանապահ անցակետի վրա: Արդյունքում սպանվեցին 23 ապստամբներ:



2008թ. փետրվարի 21-29-ը Թուրքիան հյուսիսային Իրաքում լայնածավալ ցամաքային ռազմական օպերացիա անցկացրեց, որի ժամանակ Իրաք մտան շուրջ 10 հազար թուրք զինծառայողներ: Գործողության արդյունքում, ըստ թուրքական կողմի պնդումների, ոչնչացվեցին ՔԱԿ-ի 240 գրոհայիններ: Այդ ժամանակից ի վեր թուրքական ՌՕՈՒ-ն կանոնավոր ավիահարձակումներ է գործում ապստամբների վրա: Վերջին ավիահարվածը գրոհայինների դիրքերին հասցվել է հոկտեմբերի 6-ին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---