Արցախի ՄԻՊ-ը դատապարտում է Արայիկ Ղազարյանին քարոզչական գործիք դարձնելու Բաքվի քայլերը

Արցախի ՄԻՊ-ը դատապարտում է Արայիկ Ղազարյանին քարոզչական գործիք դարձնելու Բաքվի քայլերը

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտարարություն է տարածել Արայիկ Ղազարյանի դեպքի առթիվ՝ դատապարտելով նրան հանրային հետաքրքրասիրության առարկա և քարոզչական գործիք դարձնելու Ադրբեջանի քայլերը:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Օգոստոսի 12-ին ԱՀ Պաշտպանության բանակը պաշտոնապես տեղեկացրել է, որ նույն օրը ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքներում, մարտական դիրքը լքել է զինծառայող Արայիկ Հայկի Ղազարյանը: Այնուհետև ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացրել են, որ նա Ադրբեջանի տարածքում է՝ հրապարակելով Ա.Ղազարյանի որոշ լուսանկարներ»:

Պաշտպանը դատապարտում է ադրբեջանական կողմի քայլերը՝ ուղղված ԱՀ զինծառայողին հանրային հետաքրքրասիրության առարկա և քարոզչական գործիք դարձնելուն: Նշվում է, որ Ադրբեջանի մոտ ավանդական գործելաոճ է դարձել իր տարածքում հայտնված հայազգի քաղաքացիական անձանց և զինծառայողների՝ միջազգային մարդասիրական իրավունքով սահմանված իրավունքները խախտելը:

Ժնևյան կոնվենցիաները նախատեսում են զինված ընդհարման մեջ գտնվող կողմի տարածքում հայտնված զինվորականների (Ժնևյան 3-րդ կոնվենցիա, հոդված 13) և քաղաքացիական անձանց (Ժնևյան 4-րդ կոնվենցիա, հոդված 27) պաշտպանություն՝ հանրային հետաքրքրասիրությունից: Ըստ էության, այդ մարդասիրական նորմը կարևոր է տվյալ խոցելի խմբին ոչ միայն հանրության հնարավոր բացասական վերաբերմունքից զերծ պահելու, այլ նաև՝ հակամարտության պայմաններում քարոզչական գործիք չդարձնելու տեսանկյուններից:

Այս պայմաններում կարևոր է, որ միջազգային կազմակերպություններն արագ արձագանքեն իրավիճակին և կանխեն Արայիկ Ղազարյանի հանդեպ հետագա հնարավոր իրավախախտումները: Այդ առումով, Պաշտպանը կապի մեջ է պետական և միջազգային պատկան մարմինների հետ՝ պատրաստ լինելով իր լիազորությունների շրջանակներում աջակցել իրավիճակի դրական հանգուցալուծմանը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը լքել է մարտական դիրքը օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքերում։

Արցախի պաշտպանության նախարարությունն անդրադարձել է ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածված այն պնդումներին, թե ՊԲ շարքային զինծառայողը հայտնվել է ադրբեջանական կողմում հայկական բանակում ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով:ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հորդորում է հավատ չընծայել ադրբեջանական կողմի ստահոդ պնդումներին, որոնք նպատակաուղղված են միմիայն հայ զինվորի կերպարը նսեմացնելուն և սպասել ընթացող քննության ավարտին, որի արդյունքները հասանելի են լինելու հանրությանը:

Ադրբեջանի տարածքում հայտնված զինծառայող Արայիկ Ղազարյանի իրավունքների երաշխավորման հարցով Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հեռախոսազրույց է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության (ICRC) ղեկավար Քլեր Մեյթրոի հետ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---