Նախագահը Թեյդեի աստղադիտարանում քննարկել է ՀՀ հետ գործակցության հեռանկարները

Նախագահը Թեյդեի աստղադիտարանում քննարկել է ՀՀ հետ գործակցության հեռանկարները

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Իսպանիայում գտնվող ՀՀ Արմեն Սարգսյանն այցելել է հանրահայտ Թեյդե աստղադիտարան, որի ղեկավարության հետ քննարկել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարները։

Նախագահը ծանոթացել է աշխարհի ամենամեծ՝ Լա Պալմայի Gran Telescopio Canarias օպտիկական աստղադիտակը և աշխարհի 3-րդ ամենամեծ՝ GREGOR արևային աստղադիտակն ունեցող աստղադիտարանի աշխատանքներին և իրականացվող ուսումնասիրություններին։ Նախատեսվում է, որ շուտով կսկսվի նոր աստղադիտակի կառուցումը, որի տրամագիծը կլինի մոտ 50 մետր։

Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը, որպես աշխարհի հնագույն քաղաքակրթություններից մեկը, միշտ մեծ ուշադրություն է դարձրել գիտության զարգացմանը՝ նշելով նաև Մեծամորի՝ ուրարտական շրջանի աստղադիտարանի մասին: «Կցանկանայի, որ ապագայում ավելի շատ հայեր ներգրավված լինեն գիտության և աստղագիտության ոլորտներում: Աստղագիտությունը միայն աստղադիտակ չէ, այլև նոր տեխնոլոգիաներ են, մաթեմատիկական մոդելավորում է: Մենք ունենք նախագահական նոր նախաձեռնություն, որը կոչվում է ATOM (Advanced tomorrow) և ուղղված է Հայաստանում գիտության և տեխնոլոգիաների զարգացմանը»,- ասել է նախագահը:

«Այս ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել գիտության ու տեխնոլոգիաների քաղաք, համագործակցելու ենք աշխարհի խոշոր տեխնոլոգիական ընկերությունների հետ՝ ինչպիսիք են «Դասո Սիսթեմս»-ը, «Թալես»-ը, «Լեոնարդո»-ն, IBM-ը և այլն: Ուրախ կլինենք համագործակցել նաև Թեյդեի հետ: Կարծում եմ՝ համագործակցության լուրջ հնարավորություններ կան նաև Թեյդեի ու Բյուրականի աստղադիտարանների միջև»,-հավելել է նա:

Նախագահ Սարգսյանը Թեյդե աստղադիտարանի ղեկավարության հետ պայմանավորվածություն է ձեռք բերել մոտ օրերս փոխըմբռնման հուշագիր ստորագրել՝ ուղղված Հայաստանի գիտատեխնոլոգիական հաստատությունների և Թեյդեի միջև փոխգործակցության զարգացմանը։

Աշխարհի ամենահայտնի աստղադիտարաններից մեկը համարվող Թեյդե աստղադիտարանը՝ հարևան Լա Պալմա կղզու վրա գտնվող Roque de los Muchachos Observatory-ի հետ միասին, կառավարվում է Կանարյան աստղաֆիզիկայի ինստիտուտի կողմից և հանդիսանում Եվրոպական հյուսիսային աստղադիտարանի (ENO) մաս։ Թեյդե աստղադիտարանի գիտական գործունեությունն ընդգրկում է հիմնականում արևային ուսումնասիրությունների և ռոբոտատեխնիկական աստղագիտության ոլորտները: Այստեղ են կենտրոնացված նաև Եվրոպայի լավագույն արևային աստղադիտակները: Աստղադիտարանի՝ ավելի քան 50 հեկտար զբաղեցնող տարածքում տեղադրված են մոտ 20 երկրի ավելի քան 60 գիտական հաստատությունների պատկանող արևային և գիշերային աստղադիտակներ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---