10 հոկտեմբերի 2008 - 15:38 AMT
Մահափորձ է կատարվել Արմեն Ջիգարխանյանի հիմնադրամի տնօրենի դեմ
Մոսկվայի հարավ-արեւմուտքում Վերնադսկու պողոտայի 11/19 տան շրջանում հինգշաբթի երեկոյան մահափորձ է կատարվել Արմեն Ջիգարխանյանի հիմնադրամի տնօրեն Արսեն Էլբակյանի դեմ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը` հղում անելով ՌԴ դատախազությանը կից քննչական կոմիտեին:

Հանցագործը մի քանի անգամ կրակել է Էլբակյանի վրա ատրճանակից, ինչի հետեւանքով նա հրազենի երկու վերք է ստացել` մեջքին եւ ձեռքին եւ տեղափոխվել է Սկլիֆասովսկու անվան գիտահետազոտական ինստիտուտ:

Մահափորձի փաստով քրեական գործ է հարուցվել: Քննության ընթացքը վերահսկում է Մոսկվայի դատախազության քննչական կոմիտեի ղեկավար Անատոլի Բագմետը:

Արմեն Ջիգարխանյանի հիմնադրամը բարեգործական ոչ առեւտրային կազմակերպություն է, որը զբաղվում է նաեւ թատերական ներկայացումների, համերգների կազմակերպմամբ, գրքեր եւ բրոշյուրներ է հրատարակում, սոցիալական ծառայություններ է տրամադրում եւ զբաղվում է գործունեության այլ ձեւերով: