Հաշմանդամություն ունեցող անձանց լրացուցիչ 1253 աջակցող սարք կտրամադրվի

Հաշմանդամություն ունեցող անձանց լրացուցիչ 1253 աջակցող սարք կտրամադրվի

PanARMENIAN.Net - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վերաբաշխում է իրականացրել իր բյուջեում՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար լրացուցիչ աջակցող սարքերի ձեռքբերման նպատակով։ Լրացուցիչ 1253 աջակցող սարք կտրամադրվի:

Խոսքը հաշմանդամություն ունեցող անձանց պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաների, վերականգնմանն աջակցող այլ տեխնիկական միջոցներ ստանալու նպատակով տրամադրվող պետական հավաստագրերով տրվող միջոցների մասին է։

2019-ի առաջին կիսամյակի ընթացքում նախատեսվածից ավելի շահառուներ են դիմել՝ հավաստագիր ստանալու համար, ուստի աջակցող սարքերի նախատեսված քանակը սպառվել է, և հավելյալ խմբաքանակ ձեռք բերելու անհրաժեշտություն է առաջացել, հայտնում է նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Կառավարության որոշմամբ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վերաբաշխման արդյունքում հավելյալ 200 հատ անվասայլակ, 50 հատ լսողական սարք (30-ից բարձր տարիքի անձանց համար), 20 հատ ետնաքայլակ (մանկական ուղեղային կաթվածով երեխաների համար), 41 հատ քայլակ, 85 զույգ օրթոպեդիկ շտկող ներդիր, 761 զույգ օրթոպեդիկ կոշիկ, 71 հատ օրթեզ, 25 հատ պրոթեզ և այլ աջակցող միջոցներ ձեռք բերելու հնարավորություն կունենա։

Աջակցող միջոցները տրամադրվում են պետական հավաստագրերի հիման վրա, նախարարության կողմից որակավորված կազմակերպությունների կողմից, ինչի արդյունքում բարձրացել է տրամադրող կազմակերպությունների մրցակցությունը, հետևաբար՝ նաև աջակցող միջոցների որակը:

Միաժամանակ, պետական հավաստագիրը հնարավորություն է ընձեռում անձին ընտրություն կատարել և ձեռք բերել իր կարիքի առավելագույնս հարմար աջակցող միջոցը, իր նախընտրած կազմակերպությունից: Այս հանգամանքով, միաժամանակ հանրային իրազեկման բարձրացմամբ պայմանավորված` մեծացել է շահառուների դիմելիությունը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---