10 հոկտեմբերի 2008 - 17:10 AMT
Առաջխաղացում ղարաբաղյան հարցում հնարավոր է, եթե Բաքուն սկսի դիտարկել Ղարաբաղը որպես հակամարտության կողմ
Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում տեղի է ունեցել «Կոնվենտ 2008» 5-րդ հոբելյանական խորհրդաժողովը, որն անցնում էր «Համաշխարհային քաղաքականություն. հայացք ապագայից» խորագրով: Սա խոշորագույն ռուսական համաժողով է, որի ժամանակ քննարկվում են քաղաքականության բոլոր ասպեկտները քաղաքագիտական տեսակետից: Ինչպես PanARMENIAN.Net-ին են հաղորդել Ռուսաստանի հայերի միությունում, համաժողովում առանձին բաժին էր նվիրված Հարավային Կովկասի խնդիրներին, որի աշխատանքին մասնակցում էին հայտնի քաղաքագետներ եւ վերլուծաբաններ, որոնք ուսումնասիրում են այդ տարածաշրջանի խնդիրները: ՌՀՄ-ն «Կոնվենտ 2008»-ին ներկայացնում էին փոխնախագահներ Գեղամ Խալաթյանն ու Լեւոն Մուքանյանը եւ տեղեկատվական բաժնի ղեկավար Վահե Ավանեսյանը: Համաժողովին ներկայացվել են զեկույցներ պանթուրքիզմի, Անդրկովկասում իսլամական գործոնի մասին, գնահատվել են ՆԱՏՕ-ի ընդլայնման միտումներն ու ԵՄ-ի քաղաքականությունը տարածաշրջանում, էներգառեսուրսների իրողություններն ու առասպելները եւ այլն:

Ինչպես նշել է ադրբեջանցի քաղաքագետ Արիֆ Յունուսովը, օգոստոսյան իրադարձություններից հետո նույնիսկ Ադրբեջանում ռուսամետ տրամադրությունները սկսեցին զիջել տեղը արեւմտամետներին, հզորանում են նաեւ իսլամամետ ուժերը: Ընդհանուր առմամբ, ինչպես նշել է Յունուսովը, Ադրբեջանում լավ չեն պատկերացնում ՌԴ-ի դիրքորոշումը, քանի որ տեղայակ չեն դրան` ռուսական հեռուստակայանները չեն հեռարձակվում: Նա արել է երկրի զարգացման կանխատեսում առաջիկա 10 տարիների համար, գնահատելով իշխանափոխության հավանականությունը, երկրի խնդիրների լուծումը: Ըստ նրա, 10 տարի անց Ալիեւների ընտանիքը կպահպանի իշխանությունն ի դեմս այժմյան նախագահ Իլհամ Ալիեւի տիկնոջ, ԶԼՄ-ներն այդպես էլ կմնան անազատ, թեեւ ժողովրդավարական ուժերը մինչեւ վերջ չեն ոչնչացվի: Ղարաբաղի հարցում Յունուսովը փոփոխություններ չի կանխատեսում:

«Առաջխաղացում ղարաբաղյան հարցում հնարավոր է, եթե Բաքուն սկսի դիտարկել Ղարաբաղը որպես հակամարտության կողմ»,-գտնում է ԵԱՀԿ ՄԽ նախկին ռուս համանախագահ Վ.Կազիմիրովը: Նույնիսկ Սահակաշվիլին իր բոլոր տարօրինակություններով դրան չի հասել եւ հակամարտության կողմ էր ճանաչում Աբխազիան եւ Հարավային Օսեթիան: Ռուսաստանը պետք է պնդի, որ համաձայնագիր կնքվի Լեռնային Ղարաբաղում ուժ չկիրառելու մասին: «Չի կարելի անտեսել այն ռազմատենչ հայտարարությունները, որոնք պարբերաբար հնչում են Ադրբեջանում: Դա մի ամբողջ համակարգ է, որը այլասերում է հոգեկերտվածքը, խթանում է սպառազինությունների մրցավազքը»,-ասել է նա:

ՌՀՄ-ի փոխնախագահ Գեղամ Խալաթյանը հավանություն տվեց այս դիրքորոշմանը` հավելելով, որ որոնելով ղարաբաղյան հակամարտության լուծումը, հարկավոր է հաշվի առնել, որ «եթե մենք հարգում ենք ԽՍՀՄ ինստիտուտները, նրա տարածքային բաժանումը, ներքին սահմանները, այդ թվում ԼՂ-ի ընդգրկումը Ադրբեջանի կազմում, ապա հարկավոր է հարգել նաեւ ԽՍՀՄ սահմանադրությունը, որտեղ հստակ ամրագրված էր, որ ինքնավար կազմավորումների կարգավիճակը, երկրի փլուզման դեպքում, պետք է որոշվի հանրաքվեի միջոցով»: