Շվեյցարիան շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցության եւ հարաբերությունների զարգացման մեջ

PanARMENIAN.Net - «Հայաստանն ու Շվեյցարիան շատ նման երկրներ են: Մեր երկու երկրներն էլ փոքր պետություններ են, չունեն ելք դեպի ծով, բազմակողմանի դիվանագիտություն են վարում: Շվեյցարիան շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցության եւ հարաբերությունների ամրապնդման մեջ»,- այսօր մամլո-ասուլիսի ընթացքում հայտնել է Շվեյցարիայի Ազգային Ժողովի «Շվեյցարիա-Հայաստան» բարեկամության խորհրդարանական խմբի համանախագահ Դոմենիկ դե Բումանը: Շվեյցարիայի խորհրդարանական անդամի խոսքերով, «Շվեյցարիա-Հայաստան» բարեկամության խորհրդարանական խումբը ստեղծվել է 2004թ., որից հետո Շվեյցարիայի Ազգային Ժողովը պաշտոնապես ճանաչել է 1915թ. Հայոց ցեղասպանությունը:



«Մեր երկրների ժողովուրդները շատ ընդհանրություններ ունեն: Մեր խմբի նպատակն է զարգացնել Երեւանի եւ Բեռնի միջեւ քաղաքական երկխոսությունը, ինչպես նաեւ նպաստել տնտեսական եւ մշակութային ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացմանը»,- նշել է Դոմենիկ դե Բումանը եւ ավելացրել, որ այդ առումով մեծ դեր է խաղալու Հայաստանում Շվեյցարիայի դիվանագիտական ներկայացուցչության հիմնադրումը: Նա նաեւ ընդգծել է, որ Երեւանում անցկացված հանդիպումների ընթացքում միտք հղացավ` ստեղծելու հայ-շվեյցարական առեւտրական վրան, որը կնպաստի երկկողմ տնտեսական կապերի զարգացմանը: «Հայաստանում կան ոլորտներ, որոնք կարող են հետաքրքրել շվեյցարացի ներդնողներին, մասնավորապես, դրանք տուրիզմի, առողջապահության եւ բնապահպանության ոլորտներն են»,- նկատել է Դոմենիկ դե Բումանը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---