Խոպան երկիր, որն անբանները տալիս են օտարներին

Խոպան երկիր, որն անբանները տալիս են օտարներին

PanARMENIAN.Net - Ես բնապահպանական գաղափարների կրող ՉԵՄ, հանքերին ԴԵՄ ՉԵՄ, ձուլարաններին ԴԵՄ ՉԵՄ։ Գործարանի կամ սար փորող բուլդոզերների տեսարանն ինձ համար Նիագարայից պակաս գեղեցիկ չէ, իսկ 90-ականների «ջերմուկով երկիր կպահենքից» հետո «բնապահպան» բառը լսելուց ավտոմատ լարվում եմ։ Բայց Ամուլսարի հարցում որոշում կայացնելիս կարևոր է 2 բան՝ ռիսկեր ու օգուտները։ Սկսենք Ամուլսարի հայտարարագրած (իրական չէ, հայտարարված) օգուտներից։ Դուրս բերու՞մ է արդյոք այն նախագիծը մեր երկիրը որակապես նոր մակարդակի։ Պատասխանն է՝ ոչ, ու դա ակնհայտ է հենց «Լիդիանի» թղթերից։

Նախ, հանքը շահագործվելու է ընդամենը 11 տարի՝ սա պետության համար շատ կարճաժամկետ նախագիծ է։ Մեջբերում․ «Ընդհանուր (ուղղակի, անուղղակի և այլ գործոններով պայմանավորված) ավանդը ՀՆԱ-ում միջինը կկազմի մոտավորապես $185 մլն ($120-ը հենց հանքից) կամ ՀՆԱ-ի 1,4%-ը (խոսքը տարեկան մասշտաբի մասին է, ոչ թե ընդամենն այդքան): Վճարվելիք հարկերը, կրկին ըստ «Լիդիանի», կկազմեն տարեկան $50 մլն հենց հանքից (ինչն այն կդարձներ 3-րդ / 4-րդ հարկատուն) + $17 մլն՝ անուղղակի գործունեությունից, համա թե՝ $67 մլն կամ հարկերի 2․1%-ը։ Ֆիքսենք, որ թվերը կոպեկներ չեն՝ լուրջ թիվ է երկրի ու բյուջեի համար։ Բայց, այնուամենայնիվ, ակնկալվող էֆեկտն արդեն շեղվում է խոստացված մասշտաբից․

2018-ին ՀՆԱ-ն $12․4 մլրդ էր։ Կառավարությունը խոստացել է տարեկան 5% տնտեսական աճ։ Եթե ենթադրենք, որ շահագործումը կսկսի 2020-ին, ՀՆԱ-ն, կառավարության խոստումով, պիտի կազմի մոտ $13․670 մլրդ, իսկ էդ $185 մլն-ը՝ դրա 1,35%-ը, այսինքն, արդեն, ավելի քիչ, քան նախատեսված է: Բնականաբար, տնտեսության աճին զուգահեռ այդ թիվը կշարունակի նվազել։ Արդեն 2023-ին (հնգամյակի ավարտին ու նոր ընտրությունների նախաշեմին) այդ $185 մլն-ը ՀՆԱ-ի 1.16%-ն է լինելու։ Հարկերի մասով․ ըստ ՄԺԾԾ, 2022-ին (դրանից մեկ տարի շուտ) պիտի հավաքենք 1․988 տրիլիոն դրամ: Փոխարժեքի 5% արժևորման դեպքում (սա այնտեղ նշված միջին ռիսկն է) 2022-ին դոլարը կլինի 587, բյուջեի հարկային եկամուտները՝ $3․387 մլրդ, Ամուլսարի «փայը»՝ 1,98%, ոչ թե 2,1%: Անցանք առաջ. ինչքան աճում է տնտեսությունը, այդքան ընկնում է Ամուլսարի «փայը»։

Ծանրաբեռնեցի՞ թվերով։ Իրականում դրանք կարևոր չեն։ Կարևորն այն է, որ համ իմ, համ «Լիդիանի» հաշվարկները ենթադրություններ են։ Եթե ոսկու գինը թռնի, կպարզվի, որ ես սխալ եմ, եթե նվազի՝ սխալ կլինի «Լիդիանը»։ Ոչ ոք 2-3-4 տարվա հեռանկարով, էլ չասած՝ 11 տարով, ոսկու գին չի կանխատեսում։ Հետևաբար, պետությունը կարող է դրա վրա հույս դնել միայն եթե լուրջ ծավալների հանք ունի։ Ասենք, եթե Ամուլսարը լիներ հսկա հանք, որից եկած փողը կբավարարեր երկիրը կտրուկ այլ մակարդակի բերելուն, արժեր քանդել, բայց ոչ՝ շարքային հանք է, որը ՀՆԱ 1-1,5% հավելաճ է ապահովում:

Հիմա ռիսկերի մասին: Ես չեմ հասկանում թթվային դրենաժներից, կվարցիտներից, ստորջրյա հոսքերից ու մնացածից, բայց մի քիչ հասկանում եմ՝ ինչպիսին պետք է լինի պետությունն ու ինչպիսին այն չպետք է լինի։ Հանքը կարող է դարձնել քեզ Ավստրալիա, ու նույն հանքը կարող է դարձնել քեզ Նիգերիա։ Ի՞նչն է էական այդ ճանապարհին: Այն, արդյոք հանքի ստեղծած փողն ու արդյունքը մնում են երկրում, թե դուրս գնում երկրից: Եվ երկրորդ. արդյոք արդյունքը ծախսվում է խելքով, թե խելառ նախագծերի վրա է մսխվում կամ գողացվում է։

Մենք ընտրել ենք երկրի նիգերիացման ճանապարհը․ կարևորագույն ձեռնարկությունների մեծ մասը տրվել է օտարերկրացիներին, ովքեր հումքը դուրս են հանում՝ այստեղ մշակելու փոխարեն, ինչպես նաև հանում երկրից եկամուտը։

Արդյունքում՝ երկիրը, որն ուներ ուժեղ գեոլոգներ ու ինժեներներ, ում «Սովետի վախտ» Վիետնամից մինչև Աֆրիկա ուր ասես ինչեր ասես վստահում էին կառուցել կամ նախագծել, հայտնվել է մի իրավիճակում, որ նույնիսկ սեփական կադրեր չունի հանքարդյունաբերության համար վստահելի փորձաքննություն անցկացնելու։

Մեզ մոտ, նեղմտության պատճառով, «ժամանակակից» ասելով մենակ ՏՏ-ն են հասկանում, բայց փաստ է, որ ժամանակակից կարող է լինել նաև հանքարդյունաբերողը։ Երկիրը պատերազմին հետևած 25 տարում չի կուտակել ռեսուրս դեպի դուրս ծավալվելու համար, չունի գեթ մի ժամանակակից, միջազգային ասպարեզում մրցունակ մենեջմենտով, կադրերով ու փորձով հանքարդյունաբերական ընկերություն ու ներկայիս քաղաքականության դեպքում չի էլ ունենա։ Որովհետև պայմանական կանադական ընկերությունը չի աճեցնելու ինչ-որ Հայաստանում ինքն իր համար ապագա մրցակից: Կանադացիներին մրցակից կարող են ստեղծել ու «աճեցնել» միայն մենք։

Այդ առումով, «Լիդիանը»՝ նույնիսկ ամենապուպուշ շահագործող լինելու դեպքում, խնդիր է. խնդիր որպես երկրի «նիգերիացմանը» նպաստող հերթական ընկերություն։ Ավելի լավ է վստահել հանքի շահագործումը տեղական, ձեզ տհաճ գեղցի օլիգարխին, ոչ թե արտասահմանյան սիրուն կոստյումներով լիդիաններին, ռիոտինտոներին, դանդիներին և այլոց։ Հետևաբար, Ամուլսարի քաղաքական ռիսկը հենց դա է՝ փողը դուրս է գալիս երկրից, փոխանակ օգտագործվի տեղական մրցունակ խաղացող ստեղծելու համար։ Դու մնում ես խոպան հող, որն անընդունակ է սեփական խելքով ու ձեռքերով ինքն իրեն մշակի, ու ստիպված դիմում է օտարազգիներին, ովքեր դա անելուց հետո քեզ են տալիս 2 կոպեկ, եկամուտով կրթում ինժեներների նոր սերունդ, որը հետո բերում է նոր եկամուտ քո պես անբանների հաշվին։

Ու նախքան մինչև 2050-ը «10 մլրդ կապիտալիզացիայով 5 հատ տեխնոլոգիական ընկերություն» ունենալու նպատակներ դնելը, լավ կլինի սկզբից վիզ դնել մինչև 2023-ը «կես միլիարդ կապիտալիզացիայով հայկական ժամանակակից հանքարդյունաբերող» ունենալու, որովհետև հանքերն այն տեղն են, որտեղ դու ունես գոնե թեկուզ սկզբնական էտապում փոքր, բայց հեռանկարային ընկերություններ ստեղծելու տարբերակ, այն էլ ոչ միայն հանքարդյունաբերող, այլև երկրաբանահետախուզական, փորձագիտական, էկոլոգիական և այլն։ Լիբանանը եթե «Էլարդ» ունի, մենք պիտի 40 հատ «Էլարդից» շատ ավելի ուժեղ ընկերություն ունենանք։

Ուստի՝ չհասկանալով հանդերձ էկոլոգիական նյուանսները, ես դեմ եմ Ամուլսարի շահագործմանն առնվազն այս պահին։ Որովհետև մենք չենք հասկանում դրա իրական տնտեսական ազդեցությունը ու չունենք հանքարդյունաբերական առաջադեմ, ագրեսիվ ու ժամանակակից տեսլական։ Ակնկալում եմ, որ այս ոլորտում տարիուկես տևած պարապուրդից հետո իշխանությունը վերջապես կսկսի հանքարդյունաբերական քաղաքականություն մշակել, որում շեշտը կդրվի ազգային բարիքի ստեղծման վրա, ոչ թե կշարունակվի «սարը քանդենք, 2 կոպեկ քերենք, մնացածը տանք դրսին» քաղաքականությունը։

Հ.Գ. 17-րդ դարում Մանհեթեն կղզին գնվել է դելավեր ցեղից 60 գուլդենի արժեք ունեցող ապրանքների դիմաց։ Ինչո՞վ ենք մենք այսօր տարբերվում դելավերներից։

Նիկոլայ Թորոսյան/PanARMENIAN.Net
 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---