14 հոկտեմբերի 2008 - 14:28 AMT
Իլհամ Ալիեւը սպառնում է Հայաստանի մեկուսացման վատթարացմամբ
«Բաքուն կշարունակի Հայաստանի մեկուսացման քաղաքականությունը, մինչեւ որ նա դադարեցնի ադրբեջանական հողերի օկուպացումը»,- հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կառավարության ընդլայնված նիստի ժամանակ: «Քանի դեռ մեր հողերը գտնվում են օկուպացիայի մեջ, շարունակվելու է Հայաստանի դեմ համընդհանուր հարձակման քաղաքականությունը ինչպես դիվանագիտական, այնպես էլ քաղաքական, տնտեսական, տրանսպորտային, ռազմական, քարոզչական եւ այլ ոլորտներում: Դա միանշանակ է»,- ասել է Ի.Ալիեւը:

«Մինչեւ ղարաբաղյան հակամարտության լուծումը Հայաստանի հետ ոչ մի համագործակցություն հնարավոր չի, հնարավոր չի նրա մասնակցությունը եւ ոչ մի տարածաշրջանային նախագծում: Եւ մենք կանենք ամեն ինչ, որպեսզի ներկայիս իրադրությունը շարունակվի,Հայաստանի իրադրությունը մեկուսացման մեջ վատթարանա, որպեսզի նրանք ավելի լավ հասկանան, թե ինչի հետ է կապված իրենց ապագան»,- ընդգծել է Ադրբեջանի նախագահը:

Ի.Ալիեւի խոսքերով, ղարաբաղյան հակամարտության շուտափույթ լուծման նպատակով Ադրբեջանն ամրապնդում է իր բանակը, եւ վերջին հինգ տարվա ընթացքում պաշտպանության ոլորտում կատարված է $4,5 մլրդ ներդրում:

«Պատերազմի պայմաններում ապրելով` մենք, առաջին հերթին, պետք է ամրապնդենք ռազմական պոտենցիալը: Հաջորդ տարիներին բյուջետային ծախսերի առավելագույն մասը, ինչպես եւ նախորդ տարիներին, ուղղված է լինելու բանակի կառուցմանն ու ռազմական ուժի մշակմանը»,- նշել է նա:

Ադրբեջանի նախագահը նշել է, որ, չնայած որոշակի առաջընթացին, ղարաբաղյան կարգավորման գործում դեռեւս չկա հստակ արդյունք, ավելացնելով, որ Բաքուն պատրաստ է դիտարկել «որոշ ապահով առաջարկներ», բայց հիմնախնդրի լուծումը ձգձգվում է: Նրա խոսքերով, Ադրբեջանի աճող հնարավորությունները ամրապնդում են նրա դիրքերը բանակցային գործընթացում:

«Ուրախալի է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցն այլեւս ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում: Մենք դեռ զգում ենք բանակցությունների շարունակման անհրաժեշտությունը, գտնում ենք, որ իրականությունը կարող է գործի դնել հակառակ կողմին: Մեր դիրքորոշումն անփոփոխ է եւ միանշանակ. հակամարտությունը պետք է լուծվի միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիման վրա»,- ընդգծել է նախագահը, հաղորդում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»: