14 հոկտեմբերի 2008 - 15:58 AMT
Ռուսաստանի ազգային շահերին արձագանքում է ոչ թե Վրաստանի ոչնչացումն ու պառակտումը, այլ վարչակարգի փոփոխումը
Վրաստանի ակնհայտ թուլությունը, որն արտահայտվեց օգոստոսյան դեպքերի ժամանակ, որոշ հարեւան պետությունների մոտ նրա հաշվին շահվելու ցանկություն առաջացրեց: Ինչպես հիշեցնում է ռուսական «Սեւոդնյա» թերթը «Ու՞մ կհասնեն Վրաստանի մնացորդները» հոդվածում, Ադրբեջանի տեղեկատվական գործակալությունները, վկայակոչելով երկրի ԱԳՆ աղբյուրը, հաղորդում էին այն մասին, որ Բաքուն ձեռնարկել է վրացական Քվեմո-Քարթլի (ադրբեջաներեն` Բորչալի) շրջանի բնակիչներին ադրբեջանական քաղաքացիության զանգվածային հատկացում: «Վրաստանի թյուրքական տարրի անվտանգության երաշխիքի մասին» էր ասում նաեւ Թուրքիայի ԱԳՆ անանուն աղբյուրը: Ադրբեջանական ինքնավարության ստեղծումից զատ Անկարան մտադրված է Թբիլիսիից պահանջել «իրական ինքնավարություն վերադարձնել» Աջարիային եւ Վրաստան հայրենադարձել բոլոր թուրք-մսխեթացիներին` նրանց նույնպես հատուկ կարգավիճակ հատկացնելով:

«Որոշ ռուսական քաղաքագետներ հասցրել են հայտարարել այն մասին, որ Ռուսաստանին հարկ է օժանդակել Թուրքիայի եւ Ադրբեջանի ձգտումները: Այդպես, օրինակ, պետերբուրգյան արեւելագետ Ալեքսանդր Սոտնիչենկոն գտնում է. «Սկզբունքայնորեն Ադրբեջանի եւ Թուրքիայի առաջարկը շատ լավն է: Փաստորեն, դա հարեւան երկրների կողմից ճանաչումն է Թուրքիայի` որպես հզոր տարածաշրջանային տերություն, Ադրբեջանի` որպես խոշոր կովկասյան տերություն եւ այն փաստի, որ Վրաստանն, ըստ անգլիական տերմինաբանության, failed state է, այսինքն` «չկայացած պետություն»:

Ճանաչելով խնդիրների առկայությունը` հոդվածի հեղինակը հարց է տալիս. արդյո՞ք Ռուսաստանի շահերի մեջ մտնում է ուղղափառ Վրաստանի փոխարեն վերածնվող Օսմանյան կայսրություն ունենալ որպես հարեւան: «Այն, որ Թբիլիսիում հանցագործ-մոլագար է հայտնվել, բոլորովին էլ հիմք չէ Վրաստանի բաժանման համար: Չէ՞ որ ինչպես շատ արդարացիորեն նկատել է Ստալինը. «Հիտլերները գալիս եւ գնում են, իսկ Գերմանիան մնում է»: Այլ խոսքով, Ռուսաստանի ազգային շահերին արձագանքում է ոչ թե Վրաստանի ոչնչացումն ու պառակտումը, այլ վարչակարգի փոփոխումը: Հարավային Օսիայի եւ Աբխազիայի ահաբեկչական գործողությունների շարքը, ինչպես նաեւ վրացական ԶՈւ-ի մեջ վարձուների ինտենսիվ հավաքագրումը, բանակի վերազինումը խոսում է այն մասին,որ թբիլիսյան վարչակարգը ենթակա չէ թերապեւտիկ բուժման եւ շրջադարձային փոփոխում է պահանջում: Շատ ցավալի է, որ դա չի արվել օգոստոսին, երբ դրա համար կային բոլոր անհրաժեշտ պայմանները: Եւ, պետք է ասել, որ Արեւմուտքի հետ մեր հարաբերությունների մեջ այդ բավական հիմնավորված լուծումը ոչ մի նոր բան չէր ավելացնի: Միայն թե կսկսեին ավելի շատ հարգել: Անկասկած է, որ վարչակարգի փոփոխումը կարձագանքեր եւ հենց իր` Վրաստանի ազգային շահերին, քանի որ նրան կազատեր հետագա մարդկային (իսկ, հնարավոր է, հաշվի առնելով Թուրքիայի ձգտումները) եւ տարածքային կորուստներից», -գրում է «Սեւոդնյան»: