14 հոկտեմբերի 2008 - 16:07 AMT
Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովին
Հոկտեմբերի 14-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Քվեբեկ, որտեղ հոկտեմբերի 15-16-ը կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Նալբանդյանը կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության պետությունների եւ կառավարությունների ղեկավարների հոկտեմբերի 17-19-ն անցկացվելիք գագաթաժողովին:

Գագաթաժողովի շրջանակներում նախատեսվում է քննարկել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանին ասոցիացված անդամի կարգավիճակ շնորհելու հարցը: Նախարարական համաժողովին եւ գագաթաժողովին նախարար Նալբանդյանը հանդես կգա ելույթներով:

Քվեբեկում ծրագրված է նաեւ Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Մոնակոյի իր գործընկերոջ հետ, որի ընթացքում երկու երկրների արտգործնախարարները կստորագրեն Հայաստանի Հանրապետության եւ Մոնակոյի Իշխանապետության միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություն: