Գտնվել են 1930-ական թվականներին Անատոլիան հայերից մաքրելու` թուրքական կառավարության վարած քաղաքականության ապացույցներ

PanARMENIAN.Net - Վերջերս ԱՄՆ արխիվում գտնված Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սկինների նամակը, որն ուղղված է Վաշինգտոնում երկրի պետքարտուղարին, իրենից ներկայացնում է անժխտելի ապացույցն այն բանի, որ երկրի Անատոլիական շրջանում ապրող հայկական բնակչությունը 1930-ական թվականներին տեղահանվել է: Այդ գործողությունները նախաձեռնվել են նրա համար, որպեսզի այդ շրջանը մաքրվի հայերից: Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտնի է դարձել "The California courier" ամսագրի հրատարակող Հարութ Սասունյանի հոդվածից:



Հոդվածի համաձայն, Ռոբերտ Սկինների նամակում, որը «հույժ գաղտնի» էր եւ ԱՄՆ պետքարտուղարին էր ուղարկվել 1934թ. մարտի 2-ին, ասվում է, մասնավորապես, մոտ 600 հայերի ` Անատոլիայից Ստամբուլ տեղահանելու մասին:



«Հայերից շատերը, որոնք տեղահանման են ենթարկվում, գտնում են, որ իրենց տեղահանումը Անատոլիայից Թուրքիայի կառավարության քաղաքականության մի մասն է, որն ուղղված է Անատոլիան զուտ թուրքական շրջանի վերածելուն: Նրանք պատմում են այն մասին, որ այն քաղաքներում եւ գյուղերում, որտեղ հայեր են բնակվում, թուրքական կառավարությունը տեղի մուսուլմաններին դրդում է, որպեսզի վերջիններս հայերին վտարեն այդ տարածքներից»,- ասվում է ԱՄՆ դեսպանի նամակում:



Ռոբերտ Սկինները նաեւ Վաշինգտոն է հաղորդել, որ հայկական բնակչության տեղահանման իրական պատճառը հայտնի չէ: «Շատ հավանական է, որ հայերի վտարումը իրենց տներից ուղղված է Անատոլիան հայերից մաքրելուն»,- նշվում է ամերիկացի դիվանագետի նամակում:



Ինչպես գրում է Հարութ Սասունյանը, վերջերս Թուրքիայում ԱՄՆ դեսպանի այդ նամակը տեղադրվել է հայ-թուրքական վեբ-կայքերից մեկում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---