30 օգոստոսի 2019 - 10:58 AMT
Սերժ Սարգսյանը՝ Բակո Սահակյանին. Երդվել ենք պաշտպանել հայոց հողը և շենացնել այն

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանր շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին` ծննդյան օրվա առթիվ, հայտնում է երրորդ նախագահի մամուլի գրասենյակը:

Ուղերձում, մասնավորապես, ասված է.«Արցախի Հանրապետության մեծարգո՛ նախագահ, սրտանց շնորհավորում եմ Ձեզ` ծննդյան օրվա առթիվ: Մեծագույն պատասխանատվությամբ, երկրի ղեկավարին բնորոշ լայնախոհությամբ, սթափ մտածողությամբ և հավասարակշիռ մոտեցումներով Դուք տարիներ շարունակ Ձեր ջանքն եք դրել հանուն Արցախի:Ձեր կյանքի լավագույն տարիները անմնացորդ ծառայություն են Հայրենիքին և հայ ժողովրդին, արժանի` խորին հարգանքի և գնահատանքի:

Լինելով Արցախյան շարժման առաջամարտիկներից` Դուք ազատամարտի առաջին իսկ օրերից Ձեր անուրանալի ներդրումն եք ունեցել Արցախի սրբազան հողի ազատագրման, պաշտպանության, ապա նաև կանոնավոր բանակի ձևավորման, Արցախի Հանրապետության կայացման և արցախցիների անվտանգության ու բարօրության ապահովման գործում»:

Նա հավելել է, որ Բակո Սահակյանն այսօր էլ նույնպիսի պատվախնդրությամբ շարունակում է իր առաքելությունը` կարևորելով հայ ժողովրդի միասնականությունը, Արցախի հիմնախնդրի խաղաղ և արժանապատիվ լուծումը, Արցախի զարգացումն ու անցնցում ընթացքը դեպի ապահով հանգրվան, որում ՀՀ երրորդ նախագահն անկեղծորեն հաջողություն է մաղթել նրան:

«Հարգելի՛ պարոն Սահակյան, մենք երդվել ենք հերոսամարտում զոհված մեր ամեն ընկերոջ շիրիմի առջև` պաշտպանել հայոց հողը և շենացնել այն, չընկրկել փորձությունների ու դժվարությունների առջև: Հարատև խաղաղության հասնելու և զարգացած ու հզոր Արցախ ունենալու ճանապարհը անխոչընդոտ և դյուրին չէ, սակայն ինչպես մինչ այսօր, այսուհետ ևս վստա՛հ եմ Ձեր նվիրվածությանը հայրենի հողին և ժողովրդին: Կրկին շնորհավորում եմ և մաղթում Ձեզ քաջառողջություն, Ձեր ամուր ու հայկական ավանդապաշտ գեղեցիկ ընտանիքին` երջանկություն, նոր հաջողություններ՝ ի շահ Արցախի և նրա արժանապատիվ քաղաքացիների»,-ասվում է ուղերձում:

Ծննդյան օրվա առթիվ Սերժ Սարգսյանը նաև հեռախոսազրույց է ունեցել նախագահ Բակո Սահակյանի հետ: