3 սեպտեմբերի 2019 - 15:36 AMT
Ալումյան. Եթե ՍԴ-ն ընդունի բոլոր միջնորդությունները, Քոչարյանը պետք է անհապաղ ազատ արձակվի

Սահմանադրական դատարանը քննում է քրեական դատավարության օրենսգրքի 135 հոդվածի երկրորդ մասի սահմանադրականությունը: Այդ մասին ՍԴ բակում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանը։

Եթե Քոչարյանի պաշտպանական խմբի բերած բոլոր միջնորդությունները Սահմանադրական դատարանն ընդունի, ապա, Ալումյանի խոսքով, Քոչարյանը պետք է անհապաղ ազատ արձակվի։ «Քրեական հետապնդումը պետք է դադարեցվի այդ դեպքում», - ասել է Հայկ Ալումյանը, հայտնում է Aysor.am-ը։

«Թե ինչ որոշում կկայացվի, չեմ կարող ասել։ ՍԴ-ն քննարկում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված օրենքի սահմանադրականության հարցը և այդ օրենքին ընդհանուր իրավասության դատարանների կողմից տրված մեկնաբանությունների լույսի ներքո։ Եթե այդ օրենքը կճանաչվի Սահմանադրությանը համապատասխանող, ապա մենք կանցնենք մեր մյուս անելիքներին», - ներկայացրել է Հայկ Ալումյանը:

Սահմանադրական դատարանում քննվում է Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցը։ Երկրորդ նախագահի պաշտպանները դիմել են ՍԴ, քանի որ իրենց կարծիքով՝ նախկին նախագահին կալանքի տակ պահելը հակասահմանադրական է։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով առաջին նիստը նշանակվել է սեպտեմբերի 12-ին։