6 սեպտեմբերի 2019 - 16:00 AMT
ՀՕՊ զինծառայողները գերազանց արդյունք են ցույց տվել «Մարտական ընկերակցություն 2019»-ում

ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողները գերազանց արդյունքներ են արձանագրել ԱՊՀ անդամ պետությունների ՀՕՊ միավորված համակարգի զորքերի «Մարտական ընկերակցություն 2019» համատեղ զորավարժության ժամանակ:

Զորավարժությունն ավարտվել է սեպտեմբերի 5-ին ՌԴ «Աշուլուկ» զորավարժարանում:

Մեկնարկից հետո երկնքում նախ հայտնվել են ռազմական կործանիչները, որից հետո գործի են անցել հակաօդայինները: Մարտական հրաձգության փուլին ներառված էր Ս-300, Ս-400, զենիթահրթիռային նորագույն այլ համակարգեր, ՄԻԳ և ՍՈՒ տեսակի գրոհային ու ռմբակոծիչ ինքնաթիռներ, հայտնում է ՊՆ լրատվական ծառայությունը:

ՀՕՊ և ավիացիոն ստորաբաժանումները համատեղ կատարել են առաջադրված խնդիրները: ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողները Ս-300 համակարգերով խոցել են ինչպես հայկական կողմին տրված, այնպես էլ դաշնակից պետությունների պայմանական թիրախները և արձանագրել գերազանց արդյունքներ:

Վճռական փուլին հետևելու նպատակով զորավարժարան են այցելել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը, ՀՕՊ զորքերի պետ, գեներալ մայոր Արմեն Վարդանյանը, ինչպես նաև ԱՊՀ անդամ մասնակից երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ:

Վճռական փուլից հետո տեղի է ունեցել զորավարժության փակման արարողությունը, որի շրջանակում մասնակից պետությունների բարձրաստիճան ներկայացուցիչները մեդալներ, պատվոգրեր և արժեքավոր նվերներ են հանձնել ազգային ստորաբաժանումների զինծառայողներին: