2020-ին սփյուռքը ՀՀ-ում ներկայացնող խորհրդատվական մարմին կարող է ստեղծվել

2020-ին սփյուռքը ՀՀ-ում ներկայացնող խորհրդատվական մարմին կարող է ստեղծվել

PanARMENIAN.Net - 2020-ին նախատեսվում է համահայկական խորհրդատվական մարմին ստեղծել, որով սփյուռքը ներկայացված կդառնա Հայաստանում: Այդ մասին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հայտարարել է Մոսկվայի և ՌԴ տարբեր քաղաքներից ժամանած երիտասարդ հայ գործարարների և հայ համայնքի մի շարք ակտիվ ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

Հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայի Ժողովրդական տնտեսության նվաճումների տարածքում գործող հայկական «Արմենիա» տաղավարում: Ողջունելով ներկաներին՝ Զարեհ Սինանյանը ներկայացրել է Հայաստանի զարգացման տեսլականն ու ընթացիկ արդյունքները:

Խոսելով Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի մասին՝ Սինանյանը հայտարարել է, որ գրասենյակն այժմ սփյուռքի հետ աշխատանքի օրակարգն ու ճանապարհային քարտեզն է մշակում, իսկ արդեն 2020-ի ամռանը նախատեսվում է կազմակերպել երեք համաժողով: Առաջինը լինելու է Հայաստան-սփյուռք համահայկական համաժողովը, որն ամբողջությամբ կտարբերվի նախկին համաժողովներից, կունենա հստակ օրակարգ, կքննարկվեն խնդիրներ և կիրագործվեն տարբեր նախագծեր: Համաժողովի առանցքում կլինի նաև համահայկական խորհրդատվական մարմնի ստեղծումը, որով սփյուռքը ներկայացված կդառնա Հայաստանում:

Ըստ Գլխավոր հանձնակատարի՝ երկրորդ համաժողովը համախմբելու է սփյուռքում ապրող քաղաքական գործիչներին և պետական պաշտոնյաներին և նպատակ է ունենալու առաջարկների փաթեթ և քաղաքականություն մշակել: Երրորդ համաժողովը լինելու է տնտեսական՝ ընդհանուր հարթակ ստեղծելով սփյուռքի գործարարների համար, հայտնում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը:

Քննարկում է ծավալվել Հայաստանի պետական կառավարման համակարգում սփյուռքահայերին ներգրավելու և առկա օրենսդրական խոչընդոտները վերացնելու շուրջ: Հավաքվածների մեծ մասը հետաքրքրված էր Հայաստանում բիզնես արտոնությունների, IT ոլորտում ներդրումների, հնարավոր համագործակցության վերաբերյալ:

Պատասխանելով բոլոր հարցերին՝ Զարեհ Սինանյանը նշել է, որ պատրաստ է սերտ համագործակցել, նպաստել մյուս գերատեսչությունների հետ կապերի ստեղծմանը և համակարգել ընթացքը: «Այս հավաքների նպատակն է նախևառաջ, որ հենց ձեզնից կարողանամ լսել ձեր խնդիրների մասին, հասկանալ՝ ինչ լուծումներ եք դուք ցանկանում, ինչ համագործակցություն եք դուք պատկերացնում, և միասին շարժվենք առաջ»,-եզրափակել է խոսքը Գլխավոր հանձնակատարը:

Հանդիպումը տևել է 2 ժամից ավելի, որի ընթացքում ներկաները բազմաթիվ հարցեր են ուղղել, որոնք հիմնականում վերաբերում էին լեզվի պահպանմանը, հայկական կրթությանը, սփյուռքում և Հայաստանում երիտասարդական կազմակերպությունների հիմնմանը, հայրենադարձությանը: Մասնակիցներից մի քանիսը պատմել են նաև հեղափոխությունից հետո իրենց երեխաների հայրենադարձության պատմությունները: Հնչել են գրասենյակի և սփյուռքի քարտեզագրման աշխատանքներին կամավորության սկզբունքով մասնակցելու առաջարկներ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---