20 հոկտեմբերի 2008 - 15:29 AMT
Եվրոպայում շատ մշուշոտ կամ միակողմանի պատկերացում ունեն Լեռնային Ղարաբաղի եւ հակամարտության մասին
ԼՂՀ ներկայացուցիչների առաջին պաշտոնական այցը Բելգիա հաջող անցավ: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել ԼՂՀ նախագահի աշխատակազմի Գլխավոր լրատվական վարչության պետ Դավիդ Բաբայանը: Նրա խոսքերով, Եվրոպայում շատ մշուշոտ կամ միակողմանի պատկերացում ունեն Լեռնային Ղարաբաղի եւ հակամարտության մասին:

«Կարելի է ասել, որ ուղեւորության հիմնական նպատակին` ծանոթացնել եվրոպական կառույցներին ԼՂՀ-ի հետ, մենք հասել ենք: Մենք դասախոսություններ կարդացինք Անտվերպենի Լեսիուսի համալսրանում ոչ միայն ղարաբաղյան հակամարտության, այլ նաեւ տարածաշրջանային խնդիրների մասին, որից հետո մեզ առաջարկեցին նույն թեմայով ելույթ ունենալ Գերմանիայի համալսարաններում: Թեեւ ասվում է, որ Կովկասը Եվրոպայի համար կարեւորագույն տարածաշրջաններից մեկն է, սակայն իրականում այն հետաքրքրում է եվրոպացիներին զուտ ինտեգրման դիրքերից: Ուստի, կարելի է ասել, որ մենք գտնվում ենք Եվրոպայի ետնամասում` հետաքրուրության մակարդակով»,-ասել է Բաբայնը: Ըստ նրա, այցելության ընթացքում ԼՂՀ ներկայացուցիչները հանդիպել են Եվրախորհրդարանի պատգամավորների ու Բրյուսելի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Հոկտեմբերի 15-16-ին Բելգիա է այցելել ԼՂՀ պատվիրակությունը, որի կազմում էին ԼՂՀ փոխարտգործնախարար Էդուարդ Աթանեսյանը եւ ԼՂՀ նախագահի աշխատակազմի Գլխավոր լրատվական վարչության պետ Դավիդ Բաբայանը: