21 հոկտեմբերի 2008 - 13:08 AMT
Սերժ Սարգսյանն ու Դմիտրի Մեդվեդեւը Երեւանում բացել են Ռուսաստանի հրապարակը
«Ես անկեղծորեն ուրախ եմ կրկին անգամ Երեւանում լինելու եւ հյուրընկալ հայ ժողովրդի հետ հանդիպելու առթիվ: Այսօր մենք բացում ենք Ռուսաստանի հրապարակը. դա ուրախալի եւ նշանակալից իրադարձություն է, որը հաստատում է մեր հարաբերությունների անկեղծությունն ու ամրությունը»,- Ռուսաստանի հրապարակի բացման արարողության ժամանակ հայտնել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: Նրա խոոսքերով, Ռուսաստանը մեծ երախտագիտությամբ է ընդունել Երեւան քաղաքի Խորհրդի որոշումը` ի նշան ուշադրության եւ բարեկամության: «Հայաստանի հանդեպ նույն վերաբերմունքը թաքնված է յուրաքանչյուր ռուսի սրտում: Մենք պետք է հաղորդակցվելով փնտրենք աշխարհում ծագող սպառնալիքների պատասխանները: Լավ, բարի հարեւանները միշտ էլ ուրախանում են միմյանց հաջողության համար: Մենք չափազանց շահագրգռված ենք, որպեսզի Հայաստանը լինի ուժեղ եւ կայուն կերպով զարգացող պետություն, եւ մեր հաջողությունները երկու երկրների մարտավարական համագործակցության երաշխիքն են: Դրա հանդեպ կա քաղաքական կամք եւ ժողովուրդների ձգտում»,- ընդգծել է Դմիտրի Մեդվեդեւը:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն իր հերթին ընգդծել է, որ Ռուսաստանի հրապարակի բացումը Երեւանում հերթական անգամ հիշեցնում է ռուս եւ հայ ժողովուրդների անքակտելի կապերի մասին: «Հայկական եւ ռուսական դրոշները Երեւանի Ռուսաստանի հրապարակում ոչ միայն միության, այլեւ ընդհանուր պատմա-մշակութային ժառանգության խորհրդանիշն են: Այստեղ գտնվել է Էրիվանի ամրոցը, որի վերեւում 1828թ. հոկտեմբերի 26-ին գեներալ Պասկեւիչը ամրացրեց ռուսական դրոշը, իսկ ավելի ներքեւ այն տունն էր, որտեղ առաջին անգամ բեմադրվեց Ալեքսանդր Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» կատակերգությունը, հիշեցրել է երկրի ղեկավարը:

Հանդիսավոր ճառերից հետո երկու պետությունների նախագահները բացեցին հուշատախտակը: