22 հոկտեմբերի 2008 - 18:07 AMT
Ադրբեջանի ընտրությունների մասին ԵՄ հայտարարությունը «տարակուսանքի» մեջ դրեց Բաքուն
«Ադրբեջանի` վերջերս կայացած նախագահական ընտրությունների ժողովրդավարական լինելու մասին միջազգային կազմակերպությունների մեծամասնության հայտարարությունների պայմաններում ընտրությունների` համաշխարհային չափանիշներին չհամապատասխանելու մասին Եվրոպական միության հաղորդումը միանշանակ չի ընդունվել: Առավել եւս, որ ընտրություններում ԵՄ դիտորդական առաքելությունը քվեարկությունից անմիջապես հետո զեկույց ներկայացրեց այն մասին, որ ընտրություններն անցկացվել են ժողովրդավարորեն եւ ընդունված չափանիշների համաձայն: Այդ իսկ պատճառով ԵՄ հայտարարությունը առաջ է բերել Ադրբեջանի կառավարության բողոքը»,- հայտնել է նախագահի Վարչության միջազգային կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը: Նա դիտորդական առաքելության կազմում 6 հոգի ունեցող ԵՄ հայտարարությունը գնահատել է որպես անհարգալից վերաբերմունք այլ միջազգային կազմակերպությունների կարծիքի հանդեպ եւ որպես նոր հարեւանության քաղաքականության շրջանակներում կողմերի համագործակցությանը հակառակ ուղղված քայլ:

«Ընտրություններին հետեւել է 1258 միջազգային դիտորդ 59 երկրից, նրանք բոլորն էլ հանդես են եկել հայտարարություններով` ինչպես առանձին, այնպես էլ համատեղ: ԵԱՀԿ-ի 409, ՄԱԿ-ի 300, Եվրոպայի Խորհրդի 34 ներկայացուցիչների եւ այլ միջազգային դիտորդների ընդհանուր եզրակացությունը հանգում էր նրան, որ այդ ընտրությունները զգալի քայլ են հանդիսացել ժողովրդավարացման ճանապարհին: Որպես հիմնական թերություն ցավով նշվում էր ընտրություններին ընդդիմության չմասնակցելը: Մենք նույնպես ցավում ենք այդ առիթով, բայց եվրոպական երկրների անունից Եվրոպական միության արած նման հայտարարությունը մեզ հասկանալի չէ»,- ասել է նա: Նովրուզ Մամեդովի խոսքերով, ԵՄ հայտարարությունը հակասում է նաեւ այդ մարմնի առանձին պաշտոնական ներկայացուցիչների ելույթներին, հաղորդում է 1news.az-ը:

Ադրբեջանի նախագահական ընտրություններին հետեւելու Եվրախորհրդարանի առաքելության եզրակացությունում նշվում է, որ Ադրբեջանում չի եղել նախընտրական պայքար, եւ հիմնական ընդդիմական կուսակցությունները բոյկոտել են ընտրությունները` վկայակոչելով հավասար հանգամանքների համար լուրջ խոտանները: «Մեր դիտումների համաձայն Ադրբեջանի նախագահի ընտրությունները լավ էին նախապատրաստված եւ հանգիստ պայմաններում են անցել: Բայց մենք ցավում ենք ընդդիմության բոյկոտի պատճառով մրցակցության եւ իսկական նախընտրական քարոզարշավի բացակայության համար»,- Բաքվում կայացած մամլո ասուլիսի ժամանակ ասել է Առաքելության ղեկավար Մարի-Անն Իսլեր Բեգինը: