22 հոկտեմբերի 2008 - 19:45 AMT
Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների հանդիպումը նոր խթան կհանդիսանա Ղարաբաղի շուրջ բանակցությունների համար
Ղարաբաղյան կարգավորման հարցով Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների նշանակված հանդիպումը նոր խթան կհանդիսանա բանակցային գործընթացի համար եւ կնպաստի տարածաշրջանում լարվածության նվազեցմանը, գտնում է Ռուսաստանի Պետական Դումայի պաշտպանության գծով կոմիտեի նախագահ Վիկտոր Զավարզինը: «Վստահ եմ, որ երեք նախագահների նշանակված հանդիպումը նպաստելու է իրադրության եւ ընդհանուր առմամբ բանակցային գործընթացի բարելավմանը, առավել եւս, որ բոլոր կողմերը շահագրգռված են դրանում»,- ասել է Վ.Զավարզինը:

Այսպես է նա մեկնաբանել երեք նախագահների հանդիպման հնարավորության մասին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հայտարարությունը:

Վ.Զավարզինի խոսքերով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնց հսկողությամբ է վարվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացը, 2008թ. հինգ անգամ այցելել են Երեւան եւ Բաքու եւ շուտով կրկին պատրաստվում են այցելել տարածաշրջանը: «Նրանք որոշել են ակտիվացնել «մաքոքային» դիվանագիտությունը, որպեսզի փորձեն վերջնականապես համաձայնեցնել կարգավորման հիմնական սկզբունքները կամ, առնվազն, աջակցել բանակցային գործընթացին` փորձելով դրանով հանդերձ պահպանել այն ամբողջ դրականը, որ կուտակվել է ղարաբաղյան կարգավորման մեջ վերջին մի քանի տարվա ընթացքում, թույլ չտալ, որպեսզի «զրոյի հավասարեցվեն» կարգավորման` արդեն համաձայնեցված հիմնական սկզբունքները»,- նշել է Վ.Զավարզինը, որը նախկինում մասնակցել է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին:

Վ.Զավարզինը հայտնել է, որ «ղարաբաղյան կարգավորման խնդիրը կարելի է լուծել միայն պայմանագրային հիմքի վրա, միջազգային սկզբունքների խիստ պահպանման պայմաններում, ընդ որում պետք է բավարարվեն բոլոր շահագրգռված կողմերը»,- հաղորդում է ռուսական «Եդինայա Ռոսիա» կուսակցության պաշտոնական կայքը:

Դ.Մեդվեդեւն անցյալ երեքշաբթի լրագրողներին հայտնել է, որ «ամենամոտ ժամանակում կարող է կայանալ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը, որի ժամանակ քննարկվելու է ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հարցը»: