Մոսկվան սպասում է, թե ինչ կպատասխանի պաշտոնական Բաքուն Դմիտրի Մեդվեդեւի հրավերին

PanARMENIAN.Net - Ռուսաստանի դերի ակտիվացումը ղարաբաղյան հարցում կապված է Մոսկվայի տարածաշրջանային շահերի հետ, հինգշաբթի լրագրողներին է հայտնել Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վասիլի Իստրատովը: Մոսկվան սպասում է պաշտոնական Բաքվի պատասխանին Դմիտրի Մեդվեդեւի հրավերին` Ադրբեջանի, Հայաստանի ու Ռուսաստանի նախագահների հանդիպում Մոսկվայում անցկացնելու վերաբերյալ, ասել է դեսպանը: «Ադրբեջանի նախագահը դեռեւս չի հայտնել իր համաձայնությունը կամ մերժումը»,-ասել է նա:



Ըստ դիվանագետի, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բավականին շատ մշակումներ կան ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ, սակայն դրանք մինչեւ վերջ ընդունված չեն, քանի որ երկու կողմերին էլ ձեռնատու չէին: «Պետք չէ խոսել ձեւաչափերի միջեւ մրցակցության մասին, դրանք պետք է օգնեն միմյանց»,-գտնում է Իստրատովը:



Դիվանագետն ափսոսանքով է նշել, որ այժմ իրավիճակը Կովկասում բարդ է: «Դա փաստարկ է, որ պետք է ելք որոնել, այլ ոչ թե սպասել, պետք է պայմանավորվել»,-ասել է դեսպանը, հաղորդում է ադրբեջանական Trend News-ը:



Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամլո ասուլիսում ՌԴ նախագահը հույս հայտնեց, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը պատրաստ են առաջընթացի բանակցային գործընթացում: «Առաջիկայում տեղի կունենա Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների հանդիպումը, եւ այն կկայանա ՌԴ-ում»,-ասել է Մեդվեդեւը` հավելելով, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում առաջիկայում եւս կաջակցի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ փոխընդունելի որոշումների որոնմանը:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---