24 սեպտեմբերի 2019 - 11:43 AMT
ՔԿ․ Հարությունյանի հետ վկա կար, Մարտի 1-ից չեն խոսել

Գլխավոր դատախազությունն ու Քննչական կոմիտեն հերքել են զլմ-ներից մեկի տարածած տեղեկությունն այն մասին, որ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը մահից առաջ մեղադրել է ՀՔԾ պետին ու Գլխավոր դատախազին իրենից Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Ռոբերտ Քոչարյանի ու Գեղամ Պետրոսյանի դեմ ցուցմունք կորզելու փորձերի մեջ։

Ըստ ՔԿ հաղորդագրության, մահվան դեպքի հանգամքները պարզելու նպատակով հարցաքննվել է դեպքի վայրում Հարությունյանի հետ գտնվող անձը: Վերջինս հայտնել է Հայկ Հարությունյանի հետ ունեցած խոսակցության բովանդակությունը, որը առնչություն չի ունեցել Մարտի 1-ի դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում նրա վրա ճնշումներ գործադրելուն և առհասարակ որևէ անձի կողմից ճնշումներ գործադրելուն:

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Դավթյանը երբևէ, որևէ միջոցով Հայկ Հարությունյանի հետ կոնտակտ չի ունեցել: «Քրեական գործի շրջանակներում այս պահի դրությամբ որևէ տվյալ չի ստացվել ականատես որևէ անձի կողմից նմանատիպ պնդումներ կամ հայտարարություններ արված լինելու վերաբերյալ»,- գրել է նա: Գլխավոր դատախազի խորհրդականը գրառման մեջ նշել է նաև, որ նմանատիպ լուրերը տարածվում են «կոնկրետ քարոզչական խնդիր լուծող լրատվամիջոցների կողմից»՝ նպատակ ունենալով վարկաբեկել քրեական հետապնդման մարմինների ղեկավարներին: Հայկ Հարությունյանը զբաղեցնում էր ոստիկանապետի պաշտոնը 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ: Դեպքերի վերաբերյալ քրգործով նա ուներ վկայի կարգավիճակ։