Թուրքական դատարանը արդարացրել է Հրանտ Դինքի մարդասպանի հետ լուսանկարված ոստիկաններին

PanARMENIAN.Net - Թուրքական դատարանը արդարացրել է հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության մեջ կասկածվող Օգյուն Սամաստի հետ լուսանկարված երկու ոստիկաններին: Ոստիկանության աշխատակիցներին մեղադրանք է ներկայացվել իրենց պարտականությունները չկատարելու համար, քանի որ, լուսանկարվելով մեղադրյալի հետ, նրանք ստիպել են հանրությանը մտածել, թե ոստիկանությունը համակրում է հանցագործին: Սակայն դատարանը որոշել է, որ «որպես հիշատակ արված լուսանկարները» հանցագործություն չեն, հաղորդում է Anatolia News Agensy-ն:



Տեսահոլովակն ու լուսանկարները, որտեղ պատկերված է Սամաստը Թուրքիայի դրոշը ձեռքին եւ ոստիկաններով շրջապատված, իրարանցում առաջացրեց Թուրքիայում: Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը որոշում կայացրեց ոստիկանության սպաներին աշխատանքից ազատելու վերաբերյալ: Ավելին, ժանդարմերիայի գլխավոր հրամանատարությունը ազատեց աշխատանքից իր չորս աշխատակիցներին, որոնք կան տեսահոլովակում: Նման որոշումներ կայացվեցին այն բանից հետո, երբ մասնավոր TGRT հեռուստաալիքը ցույց տվեց այդ տեսահոլովակը, որ նկարահանվել էր Սամսունի հակաահաբեկչական դեպարտամենտում Սամաստի ձերբակալությունից անմիջապես հետո` 2007թ. հունվարին:



Հ.Դինքը սպանվեց 2007թ. հունվարի 19-ին Ստամբուլում «Ակոս» թերթի խմբագրության շենքի մոտ: Մի քանի ժամ անց ոստիկանությունը ձերբակալեց Դինքի մարդասպանին` 17-ամյա Օգյուն Սամաստին: Ընդամենը այդ գործով ձերբակալվեց 12 հոգի, որոնցից 10-ը Տրաբզոն քաղաքի բնակիչներ են եւ ենթադրաբար հանդիսանում են ազգայնական խմբավորման անդամներ: Հանցագործությունը կազմակերպելու մեղադրանք է ներկայացվել նաեւ 26-ամյա Յասին Հայալին, որը դրամով եւ զենքով է ապահովել Սամաստին: Հայալի դեմ եւս մեկ քրեական գործ է հարուցվել Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկի հասցեին հնչեցրած սպառնալիքների պատճառով, որը, ինչպես, եւ Հրանտ Դինքը, քրեական պատասխանատվության էր կանչվել Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածով Հայոց ցեղասպանության հիշատակման պատճառով:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---