ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ընդգծել են ամռանը կողմերի գործադրած ջանքերի դրական արդյունքները

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ընդգծել են ամռանը կողմերի գործադրած ջանքերի դրական արդյունքները

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 25-ին Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել՝ նշելով, որ քննարկվել են ղարաբաղյան հակամարտության շփման գծում լարվածության թուլացմանն ուղղված լրացուցիչ գործողությունները:

Համանախագահներն ընդգծել են ամառային շրջանում կողմերի գործադրած ջանքերի դրական արդյունքները՝ խորը ցավ հայտնելով ճակատագրական ելքով վերջին միջադեպի կապակցությամբ։

Հայտարարության մեջ նշվում է, որ համանախագահները երկու երկրների նախարարներին տեղեկացրել են հունիսին վաշինգտոնյան հանդիպմանը հաջորդած գործողությունների արդյունքները՝ ներառյալ Փարիզում և Ժնևում ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապված հումանիտար և անվտանգային գործոններով պայմանավորված խորհրդակցությունները։

Հայտարարությունում նաև նշվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները առաջիկայում կայցելեն Հայաստան և Ադրբեջան:

Սեպտեմբերի 25-ին ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից Ակնայի հատվածում խոցվել է հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի «ORBITER-2» տիպի անօդաչու թռչող սարք: Սեպտեմբերի 22-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: Ադրբեջանական կողմն արդյունքում ունեցել էր առնվազն 1 զոհ։ Զինծառայողի դին մնացել էր միջդիրքային տարածքում, հայկական կողմը թույլատրել էր վերցնել այն։

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---