Քննչական խմբի ղեկավար. Ամուլսարի քրգործով նոր տեղեկություններ կան

Քննչական խմբի ղեկավար. Ամուլսարի քրգործով նոր տեղեկություններ կան

PanARMENIAN.Net - Ամուլսարի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, քանի որ վերջին շրջանում ի հայտ են եկել նոր տեղեկություններ: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, Ամուլսարի վերաբերյալ քրեական գործով քննչական խմբի ղեկավար Արսեն Այվազյանը։

Այվազյանը միայն վերջերս է նշանակվել այս գործով քննչական խմբի ղեկավար։ Մինչ այդ քննչական խումբը ղեկավարում էր Յուրա Իվանյանը, որը, ինչպես լրագրողների հետաքննությունն էր պարզել, բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի ազգականն է։ Հենց այդ նախարարն էր 2016-ին հաստատել հանքի շահագործման փորձաքննական եզրակացությունը, հայտնում է Aysor.am-ը:

Լրագրողների հարցին, թե արդյոք ի հայտ եկած նոր տեղեկությունները կարող են լինել քննչական խմբի նախկին ղեկավար Յուրա Իվանյանի կողմից թաքցրած տեղեկությունները, Այվազյանը հստակ չի պատասխանել և միայն ասել է. «Թույլ տվեք այս պահին իրավական գնահատականներ չտալ։ Պարզապես կարող եմ ասել, որ նախաքննությունը շարունակվում է, որի հիման վրա առաջիկայում հստակ տեղեկություն կփոխանցվի»։

Այդուհանդերձ, Այվազյանը նկատել է, որ որպես նոր տեղեկություն դիտարկվում է Շրջակա միջավայրի նախարարության կողմից Քննչական կոմիտե ուղարկված գրությունը։ «Այդ գրության մեջ առկա են նոր տեղեկություններ, նոր տվյալներ, որոնք անհրաժեշտ են քրեական գործը ընդհանրության մեջ դիտարկել», - ասել է Այվազյանը՝ չբացառելով, որ նոր փորձաքննություն իրականացվի։

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---