ՍԴ դատավոր Գյուլումյանը չի պատրաստվում հրաժարական տալ

ՍԴ դատավոր Գյուլումյանը չի պատրաստվում հրաժարական տալ

PanARMENIAN.Net - Սահմանադրական դատարանի դատավոր Ալվինա Գյուլումյանը չի պատրաստվում հրաժարական տալ՝ հետևելով արդարադատության նախարարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությանը։

«Ես կարող եմ խոսել իմ անունից և հայտարարում եմ, որ ես չեմ պատրաստվում հրաժարական տալ», - հայտարարել է Գյուլումյանը, հայտնում է Aysor.am-ը:

Հանրության քննարկմանը ներկայացված «Դատական օրենսգիրք» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու նախագծով հստակեցվում է Սահմանադրական դատարանի անդամների՝ վաղ կենսաթոշակի անցնելու կարգավորումը։

Այն հարցին, թե ինչպե՞ս է գնահատում ներկայացված օրենսդրական նախաձեռնությունը, արդյոք այն ճնշում է Սահմանադրական դատարանի վրա, Գյուլումյանը պատասխանել է. «Թույլ տվեք ես քաղաքական գնահատականներ չտամ։ Սահմանադրական դատարանը այն կառույցն է, որի գործունեության հետ կապված միշտ կարող են լինել տարբեր կարծիքներ։ Եթե մենք զբաղվենք այդ կարծիքների վերլուծությամբ, ապա կարող ենք խախտել մեր քաղաքական չեզոքություն և զսպվածություն ցուցաբերելու մասին օրենսդրական պահանջը»։

Մասնավորապես, փոփոխություններով ու լրացումներով առաջարկվում է՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում Սահմանադրության 213-րդ հոդվածով նախատեսված՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի անդամի կողմից հրաժարական ներկայացվելու դեպքում լիազորությունները դադարելուց հետո մինչև իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը նա ստանա կենսաթոշակ հրաժարականի պահին ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի չափով:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---