Ալիեւ. Բաքուն դեռեւս շահագրգռված է ղարաբաղյան կարգավորման մեջ

PanARMENIAN.Net - Ադրբեջանը դեռեւս շահագրգռված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների վարման մեջ: Այս մասին երդմնակալական ճառի ժամանակ ասել է Իլհամ Ալիեւը, որն այսօր պաշտոնապես ստանձնել է Ադրբեջանի նախագահի պաշտոնը: «Մեր հույսերը դեռեւս չեն սպառվել, եւ մենք գտնում ենք, որ բանակցությունները կարող են հանգեցնել խնդրի արդարացի լուծման»,- ասել է Ադրբեջանի նախագահը: Նա պարզաբանել է, որ «արդարացի որոշման» տակ նկատի ունի միջազգային իրավունքի եւ նորմերի պահպանումը, «ողջ երկրի տարածքային ամբողջականության վերականգնումը»: «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի եղել եւ չի լինի բանակցությունների թեմա: Ոչ այսօր, ոչ վաղը, ոչ հինգ օրից, եւ ոչ էլ տաս տարուց Լեռնային Ղարաբաղին անկախություն չի հատկացվի»,- ընդգծել է ադրբեջանական առաջնորդը` արտահայտելով իր երկրի սկզբունքային դիրքորոշումը:



Ալիեւը ընդգծել է, որ «Ադրբեջանի կողմից է միջազգային իրավունքը, երկրի տնտեսական օգնությունը, նրա աճող պաշտպանական պոտենցիալը եւ ամրապնդվող դիրքերը տարածաշրջանում»: «Այսօր տարածաշրջանում ոչ մի տնտեսական նախագիծ չի կարող իրականացվել առանց Ադրբեջանի մասնակցության»,- ասել է նախագահը:



Ալիեւը հիշեցրել է, որ ստանձնելով նախագահի պաշտոնը 5 տարի առաջ` նա խոստացել էր ստեղծել հզոր բանակ: «Այդ ժամանակամիջոցում երկրի ռազմական պոտենցիալը զգալիորեն ամրապնդվել է, աճել է զինված ուժերի մասնագիտական որակը»,- ասել է նա: «Ստեղծելով հզոր ռազմական պոտենցիալ` մենք կմոտեցնենք ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը»,- ընդգծել է Ադրբեջանի ղեկավարը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---