Ադրբեջանի դիվերսիայի փորձը կանխած և ԱԹՍ խոցած զինծառայողները պարգևատրվել են

Ադրբեջանի դիվերսիայի փորձը կանխած և ԱԹՍ խոցած զինծառայողները պարգևատրվել են

PanARMENIAN.Net - Պաշտպանության բանակում սեպտեմբերի 24-ից մեկնարկած ռազմավարական զորավարժությունների շրջանակում, բանակի հակահարվածային խմբավորման և հարավային ուղղությունում գործող մի շարք զորամասերի հետ, հոկտեմբերի 3-ին խաղարկվել են մարտական հրաձգությամբ ուղեկցվող մարտավարական զորավարժություններ:

Զորավարժության մարտական հրաձգության փուլին բանակի «Տիգրանակերտ» զորավարժարանում հետևել է նաև Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Մինչ զորավարժությունների մեկնարկը, Բակո Սահակյանը «Մարտական ծառայություն» մեդալով պարգևատրել է սեպտեմբերի 23-ին հարավ-արևելյան ուղղությամբ ադրբեջանական հատուկ ջոկատայինների դիվերսիոն ներթափանցման փորձը կանխած զինծառայողներ Արմեն Բաբայանին ու Էմիլ Ներսիսյանին և սեպտեմբերի 25-ին Ակնայի հատվածում հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի «ORBITER-2» տիպի անօդաչու թռչող սարքը խոցած Պարույր Ամիրխանյանին ու Ռաֆիկ Օրդոյանին: Պարգևատրման արարողությունից հետո ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը հանրապետության նախագահին է ներկայացրել պայմանական մարտադաշտում առկա իրադրությունը, յուրային ուժերի ու միջոցների գործողությունների հաջորդականությունը, հայտնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը:

Մարտավարական զորավաժությունն ուներ ինչպես պաշտպանողական, այնպես էլ հարձակողական բաղադրիչներ: Զորախաղերն աչքի են ընկել ներգրավված ուժերի ու միջոցների բազմազանությամբ, գրագետ ու անընդհատ ղեկավարմամբ, մասնակից ստորաբաժանումների և զորատեսակների փոխգործակցության ու մարտական ներդաշնակման մակարդակով և կրակային խոցման բարձր արդյունքներով:

Պայմանական մարտի ամբողջ ընթացքում բոլոր օղակի հրամանատարները կարողացել են իրականացնել ստորաբաժանումների կառավարումը, աչքի ընկնել գրագետ ու համարձակ որոշումներով, իսկ ենթակա ու տրված ստորաբաժանումները ցուցաբերել են մարտավարամասնագիտական ու բարոյահոգեբանական բարձր պատրաստվածություն՝ փայլուն կատարելով մարտական առաջադրանքները:

Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների արդյունքում՝ հակառակորդը, չեզոք գոտում թողնելով մեկ դիակ, հետ է շպրտվել իր ելման դիրքերը: ՊԲ-ն որևէ կորուստ չի ունեցել:

Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 10:15-ի սահմանում, ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից Ակնայի հատվածում խոցվել է հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի ORBITER-2 տիպի անօդաչու թռչող սարք:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---