4 հոկտեմբերի 2019 - 12:13 AMT
ԱԺ-ում փակ-գաղտնի քվեարկությամբ որոշվում է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին հարցը

Ազգային ժողովում փակ-գաղտնի ընթացակարգով ընթանում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու ԱԺ որոշման նախագծի քվեարկությունը։

«Ինչպիսի հանգուցալուծում կլինի՝ կախված է ՍԴ-ից, որովհետև մենք հիմա քվեարկում ենք՝ դիմել, թե չդիմել ՍԴ-ին: Եթե ԱԺ որոշումն ընդունվի, հարցը կլինի արդեն ՍԴ-ի տիրույթում»,- լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ իրենք ամեն ինչ անում են բացառապես իրավական կարգավորումների շրջանակում:

Միրզոյանը, անդրադառնալով Հրայր Թովմասյանի՝ ԱԺ նիստին չգալուն, ուշագրավ է համարել այն, որ Թովմասյանը ներողություն է խնդրել ԲՀԿ խմբակցությունից:

«Իմ խորին համոզմամբ՝ Հրայր Թովմասյանն արել է բաներ, որոնք պայմանավորված են եղել ոչ թե արդար դատական համակարգը, անաչառ դատարանն ապահովելու մոտիվացիայով, այլ բոլորովին այլ, այն է՝ շարունակել պաշտպանել քաղաքական ուժի հստակ շահերը: Ես պնդում եմ, որ Հրայր Թովմասյանն ունի նեղ քաղաքական կուսակցական մոտիվացիա»,- ասել է Միրզոյանը՝ ընդգծելով, որ հիմա իրենք կասկած են հայտնում այս դիրքորոշմամբ, բայց որոշողը ՍԴ-ն է:

Նախագծի հեղինակը «Իմ քայլը» խմբակցություն է։ Գործընթացը հիմնավորվում է այն բանով, որ Հրայր Թովմասյանը ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով կալանավորված Ռոբերտ Քոչարյանի՝ ՍԴ-ում քննվող գործի շրջանակում էական կարգապահական խախտում է թույլ տվել։

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախագծին կողմ է քվեարկելու, «Բարգավաճ Հայաստանը» քվեարկությանը չի մասնակցելու։ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի համոզմամբ՝ նախագծի հիմնավորումները թերի են։Նախագիծը կարող է ընդունվել, եթե պատգամավորների ընդհանուր թվի երեք հինգերորդը կողմ քվեարկի։ Որոշման նախագիծն ընդունվելու դեպքում ՍԴ-ն կքննի, թե որքանով են հիմնավոր «Իմ քայլի» փաստարկները, և արդյոք Հրայր Թովմասյանը էական կարգապահական խախտում թույլ է տվել, թե ոչ։